Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Վերածնունդ

Երբեմն կյանքը գոռում է մեզ վրա՝ աղմկոտ, խառնաշփոթ, անվերջ պահանջող։ Մարդիկ վազում են՝ անընդհատ կատարելով դերեր, հագնելով դիմակներ, փախչելով ինքն իրանից, բայց գալիս է մի պահ, երբ այդ ամենը դադարում է։ Չի դադարում աշխարհը, այլ մենք ենք ներսից լռում։

Այդ լռությունը պատահական չէ։ Դա ներքին ճիչ է՝ առանց հնչյունի, և հենց այդ լռության մեջ է սկսվում վերածնունդը՝ ոչ թե պայծառ լույսով ու հրաշքով, այլ փոքրիկ, քնքուշ մի մտքի շարժումով, ինչպես ձմռան մեջ գարնան առաջին շունչը։

Փոխվելու համար հարկավոր չէ նոր աշխարհ գնալ կամ գտնել գուրու, կամ լքել քաղաքը։ Պետք է պարզապես նստել ինքդ քո հետ և չվախենալ։ Ուշադրություն դարձնել ներսիդ երեխայի լռին արտասուքին, հոգիդ հոգնածությանը, երազանքներիդ չասված խոսքերին։ Այդ լռությունը վերածննդի մեկնարկն է։

Դուք չեք կարող կյանքը նորից սկսել, բայց կարող եք այն ապրել այլ կերպ։ Վերածնվում ենք ոչ դրսի փոփոխությամբ պայմանավորված, այլ այն ժամանակ, երբ ներսում սկսում ենք իրականորեն ապրել՝ երբ աչքերն այլ կերպ են նայում նույն պատուհանից։

Սկսել զրոյից՝ բայց արդեն ամբողջությամբ։ Երբ ամեն ինչ քանդվում է, մնում է միայն այն, ինչ իսկապես քոնն է։ Երբ ամբողջությամբ կոտրվում ես, սկսում ես տեսնել, ով ես իրականում։ Դա 0-ն է, և հենց դա է ուժը։

Վերածնունդը չի սկսվում նոր պայմաններով կամ նոր վայրում։ Այն սկսվում է ներսում, նույն մարդը ձեռք է բերում նոր տեսողություն, նոր մտքեր և նոր աշխարհայացք։ Թվում է, նույն մարդն է, նույն տունը, նույն սեղանը, բայց ընկալումն է այլ։

Վերածնունդը նշանակում է ընդունել՝ ոչ թե «ես պետք է նոր մարդ դառնամ», այլ «ես արդեն այն մարդն եմ, որը երբեք չէի համարձակվում լինել»։ Այդ մարդը դու ես՝ քո խորությամբ, քո լռությամբ, քո ուժով։ Պետք չէ հեղափոխվել կամ կերպափոխվել, պետք է խաղաղվել, ընդունել քեզ և ձեռքդ բռնած առաջ գնալ։

Դու կարող ես սկսել զրոյից, և այդ զրոյը քո ներսում արդեն մի ողջ աշխարհ է։ Դու պետք է ջրես, աճեցնես, փորձարկես, սխալվես, գովես ինքդ քեզ, խորասուզվես այդ աշխարհի մեջ՝ որպես անհուն օվկիանոս, խորն անտառներ, ինչպես անեզր երկինք և այնտեղից կերտես քո իրական «ես»-ը։

Դու նորից ես քայլում, բայց այլ ձևով։ Վստահ, առանց ներքին աղմուկի, առանց ուրիշներին ապացուցելու կարիքի։ Եվ վերջապես՝ քո սեփական լույսով։

Նոր շունչ

Երբ ներսդ մաքրում ես ցավից, ընդունում քո անցյալը, մի պահ է գալիս, երբ օդը սկսում է ուրիշ հոտ ունենալ։ Շունչդ ազատ է դառնում։ Եվ այդ ազատ շնչի մեջ զգում ես, որ նոր պատմություն կարող է սկսվել՝ ոչ որպես հնագույն վեպի շարունակություն, այլ որպես նոր էջ՝ նոր լեզվով, նոր ձայնով։

Նոր պատմությունը չի սկսվում մեծ փոփոխություններով, այն սկսվում է ամենասովորական պահերից՝ երբ առավոտյան նայում ես քեզ հայելու մեջ և չես քննադատում։ Երբ խոսում ես քո ճշմարտությամբ, նույնիսկ դողացող ձայնով, երբ ասում ես «ոչ», որովհետև քո «այո»-ն այլևս սուտ լինել չի կարող։

Նոր շունչը գալիս է այնտեղից, որտեղ այլևս չես խեղդվում սպասելիքների մեջ, երբ ազատ ես, երբ դու քո ներսի լույսի տերն ես և սկսում ես տեսնել կյանքը նոր գույներով։ Տեսնում ես պարզ բաներ՝ արևի լույսը պատին, տաք թեյի համը, երեխայի ծիծաղը։ Ու հասկանում ես՝ դու իսկապես այստեղ ես, կենդանի, վերածնված։

Հարց, որի պատասխանները միայն դու գիտես

Ի՞նչ ես երազել, որ միշտ անտեսել ես, հիմա ժամանակն է հիշել։ Այս հարցը վերադարձնում է քեզ դեպի քո իրական էությունը՝ այն երազանքները, տաղանդները, զգացումները, որոնք մի ժամանակ իսկապես քոնն էին, բայց կորցրել ես ուրիշներին բավարարելու ճանապարհին։

Խորհուրդ
Կարող ես վերցնել նոթատետր, և գրել հարցերի պատասխաններն, և մենք պարբերաբար կտեղադրենք, նոր բլեգ և հարցադրումներ, որոնց օգնությամբ կկառուցես քո կյանքի քարտեզը։