– Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
Հաշվապահական ոլորտում աշխատելով գրեթե 10 տարի՝ հասկացա, որ եկել է ժամանակն ինքնուրույն հիմնելու կազմակերպություն, որը բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կմատուցի իր ծառայությունները։ Միևնույն ժամանակ կարևոր էր նաև ստեղծել մի դասընթաց, որը լիներ գրագետ, հասկանալի, հետևեր օրենսդրական փոփոխություններին և ուսուցման արդյունքում պատրաստեր ճկուն, գրագետ և պահանջված մասնագետներ։
– Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
Եթե խոսենք մասնագիտական ոլորտի մասին, միանշանակ՝ գոհ հաճախորդներս և հաջողությունների հասած ուսանողներս։ Դրանցից դուրս՝ ժպտում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ անշահախնդիր օգնում միմյանց, երբ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս և ինձ համար թանկ մարդկանց հետ, երբ տեսնում եմ իմ խնամքով աճող տնային բույսերս, և իհարկե՝ բնությունը, կենդանիները, հատկապես՝ շները։
– Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում։
Մշտապես մոտիվացված լինելը, թերևս, բարդ է բոլորիս համար։ Բայց ինձ մոտիվացնում են գնահատված աշխատանքս, ուսանողներիս իրական արդյունքները, և անշուշտ՝ ծնողներիս մշտական հավատն ու աջակցությունը, որոնք սովորեցրել են լինել ճկուն ու առաջ շարժվել ցանկացած իրավիճակում։
– Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
Պետք է խոստովանեմ, որ ժամանակիս մեծ մասն ուղղվում է գործին։ Բայց գիտակցելով դրա կարևորությունը՝ հնարավորինս փորձում եմ լիարժեք ներկա լինել ընտանիքիս հետ անցկացրած յուրաքանչյուր պահի ընթացքում և վայելել այդ ժամանակը։
– Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
Ամեն դժվար պահի ինձ հիշեցնում եմ մի բան՝ Աստված ինձ հետ է ամեն վայրկյան։ Եթե որևէ խոչընդոտի եմ հանդիպել, ապա դա մեկ նպատակ ունի՝ օգնել ինձ աճել և զարգանալ։
– Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
Մեր տեսլականում՝ նոր գոհ գործընկերներ, արժևորված աշխատակիցներ և, ամենակարևորը՝ նոր ուսանողներ՝ հստակ արդյունքներով ու կայացած մասնագիտական ճանապարհով։ Համոզված եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։