Ձեզ ենք ներկայացնում «Photo Atelier Marashlyan» և «Maison Marashlyan» -ի հիմադիր և տնօրեն Էմմա Մարաշլեանի հարցազրույցը։
-Ինչպե՞ս որոշեցիք բիզնես սկսել:
-Ֆոտո Ատելիե Մառաշլեանի գաղափարը ծնվեց 10 տարի առաջ, երբ շուկայում դեռ նման ծրագիր չկար: Ես երկրորդ մասնագիտությամբ լուսանկարիչ եմ, ու չափազանց հետաքրքիր էր թվում այնպիսի ֆոտո-ատելիեյի գաղափարը, որի հիմքում կլինի ազգային հագուստի և ընտանեկան լուսանկարչության վերածնունդը։ Այդ գաղափարն ինձ հանգիստ չէր տալիս, ու ես գործի անցա։ Իհարկե, սկզբում բավականին դժվարություններ էին ծագում, բայց այժմ վստահ կարող եմ ասել, որ հաջողել եմ։ Տարազը այսօր դարձել է թրենդային, գրավել իր արժանի տեղը, ստացել նոր շունչ, բայց այսքանով մենք չենք սահմանափակվում, առջևում նոր ծրագրեր և գաղափարներ կան, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք։ Կցանկանայի խոսել նաև «Maison Marashlyan» պրոյեկտի մասին. արդեն 4 տարի է, ինչ զբաղվում եմ պայուսակների դիզայնով`՝ կրկին օգտագործելով հայկական տարազի զարդանախշերը, աշխատանքին հայկական շունչ հաղորդելով և հայկականը տարածելով։ Ցանկանում եմ այն դարձնել միջազգային մակարդակի բրենդ, և այս առումով հսկայական աշխատանք է տարվում։
-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ
-Ցանկացած բան կարող է ինձ երջանկացնել և ստիպել ժպտալ. լինի դա ինչ-որ գործողություն, անձնավորություն կամ լավ եղանակ: Յուրաքանչյուր դրական երևույթ ինձ գերագույն հաճույք է պատճառում: Ցավոք, պատերազմից հետո չեմ կարողանում նույն անկեղծությամբ ժպտալ, բայց կարծում եմ՝ ոչ միայն ես, բոլորս պետք է հաղթահարենք դա և ցանկացած դժվարություն անցնելուց հետո պետք է կարողանանք ուժ հավաքել ու նորից ժպտալ։ Մարդու ժպիտը մեծ իմպուլս է, մեծ մոտիվացիա` գործելու և առաջ շարժվելու։ Այն անչափ կարևոր է թե´ ընտանիքում, թե´ աշխատանքային միջավայրում, որտեղ դրական մթնոլորտն ու ժպիտը մարդկանց ավելի ակտիվ, էներգիայով լեցուն և արդյունավետ են դարձնում:
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում
Ինձ մոտիվացնում են մարդիկ, հատկպես` հաջողակ մարդիկ։ Այո, հենց մարդիկ, երբ ես տեսնում եմ նրանց աշխատասիրությունը, նրանց ոգեշնչումը, նրանց տաղանդը։ Մարդիկ ինձ մոտիվացնում են, ոգեշնչում են, և ինքս իմ գործունեությունն իրականացնում եմ էլ ավելի ոգևորված։ Ես ինձ համարում եմ մարդասեր, և երբ մարդիկ, ընկերներս ունենում են իմ կարիքը, ես նրանց կողքին եմ լինում։ Կարծում եմ սա է ընկած մարդասիրության հիմքում. մեկս մյուսով ոգեշնչվենք, մեկս մյուսի հաջողություններով էլ ավելի ուրախանանք և ապրումակցենք միմյանց։ Դա ինձ համար շատ կարևոր կետ է, մարդն է մոտիվացնող ուժը, մարդու լավ տեսակը։
Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
Կա հստակ դիրքորոշում. մարդը կարողանում է ճիշտ կառավարել աշխատակազմը, երբ աշխատակիցներ միջև կա հաղորդակցություն ու դերաբաշխում, նա կարող է նույնն անել նաև ընտանիքում։ Իմ պարագայում դա ստացվում է, ես վստահ եմ, որ իմ, երեխաներիս, ծնողներիս միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա։ Շատ անկեղծ եմ իմ ընտանիքում, եթե հանկարծ սխալվում եմ, թույլ եմ տալիս, որ օգնեն ինձ հենց այդ պահին`՝ չթողնելով այն վաղվան։ Այսինքն` յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր խնդիր թե´ ընտանիքում, թե´ աշխատավայրում փորձում եմ հենց տեղում լուծել։ Երևի թե սա է ինձ օգնում, որ կարողանում եմ համատեղել այդ երկուսը: Իհարկե բարդ է, բայց սա նույնպես տեսակի մասին է խոսում։ Կարծում եմ` ցանկացած մարդ, ով կարողանում է հաջողության հասնել աշխատանքի մեջ, կարող է և իր տեղը գտնել նաև ընտանիքում, բալանսավորել ժամանակը ընտանիքի և աշխատանքի միջև։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
Դժվարություններ ունեցել եմ շատ և միգուցե դեռ անցնում եմ դժվարություններով։ Եթե խոսենք աշխատանքային դժվարությունների մասին, ապա դրանք ինձ չեն անհանգստացնում։ Հասկանում եմ, գիտակցում եմ, որ դժվարությունը ևս մի աճ է, այսինքն` ես գրանցում եմ աճ` հաղթահարելով դժվարություններ: Վստահ եմ, որ առանց դժվարությունների չենք կարող ունենալ զարգացում։ Դրա համար շատ նորմալ եմ ամեն ինչը ընկալում, ընդունում և անցնում առաջ։ Որևէ բան հենց այնպես չի տրվում մեզ։ Միշտ օրինակ եմ բերում. երեխան, երբ ծնվում է, առաջին ճիչ է ունենում, որը նրա ամենամեծ ցավն է, հենց սա է կյանքի խորհուրդը, դու մտնում ես այս կյանք հենց պայքարի տեսքով, և դա է բնականը։ Մի ամբողջ կյանք մենք պայքարում ենք, հաղթահարում ենք դժվարությունները և փորձում ենք այս ամենի շուրջ ձևավորել մեր կյանքը։
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
Ինչպես գիտեք` ունեմ առաջին իմ պրոյեկտը՝ ֆոտո-ատելիե Մառաշլյանը` լուսանկարչական տուն, որտեղ լուսանկարում ենք ազգային հագուստով՝ տարազով և ոչ միայն (ունենք նաև եվրոպական հագուստ): Իսկ ինչ վերաբերում է ընդլայնմանը, մենք Ստեփանակերտում ունենք նոր մասնաճյուղ, որը բացվեց պատերազմից հետո։ Գառնիում նույնպես ունենք ֆոտոստուդիա, իսկ այժմ զբաղվում եմ պայուսակների նոր բրենդով: 4 տարի է, ինչ սկսել եմ զբաղվել պայուսակների դիզայնով և արտադրությամբ: Այժմ արտադրում ենք ոչ միայն պայուսակներ, այլև գոտիներ, շարֆեր և զարդեր։ Մենք ամեն օր հսկայական աշխատանք ենք կատարում, ամեն օր բարդացնում եմ իմ առաջ դրված խնդիրները, որպեսզի ունենամ նոր արդյունք, ավելի մեծ նպատակների կարողանամ հասնել։ Գաղափարները շատ են, մտքերը շատ են, գործողությունները շատ են, աշխատանքը շատ է, և կարծում եմ՝ այս ամենը մի օր կտա ինձ մեծ և սպասված արդյունք։ Վստահաբար սպասում եմ և գիտեմ, որ լինելու է։