Indigami Child Development Center

Հետ գնալ
Իրինա Փահլևանյան
Իրինա Փահլևանյան

Indigami Child Development Center - ԻնդիգԱՄԻ Զարգացման Կենտրոն-ի համահիմնադիր և 4090 Charity-ի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանի մասին է։
- Ինչպե՞ս որոշեցիք բիզնես սկսել:
- Ես երկար ժամանակ մտածում էի սեփական բիզնես հիմնելու մասին և վստահ էի, որ այն լինելու է կրթության ոլորտում, քանի որ որակյալ կրթությունն ինձ համար միշտ եղել է առաջնահերթություն, բայց միևնույն ժամանակ վախենում էի այդ մարտահրավերից, քանի որ բիզնես սկսելը լուրջ պատասխանատվություն է, իսկ ես դեռ չէի կարող ինձ ստիպել դուրս գալ իմ կոմֆորտ զոնայից։ Սակայն անձնական դժբախտությունը՝ հայրիկիս մահը, դարձավ այն խթանը, որ ես ձեռնարկեմ մի նոր բան, որն իմ ուղեղը զբաղված կպահեր 24/7ռեժիմով։ Եվ այդպես 2014-ին ես թողեցի իմ գրասենյակային փափուկ աշխատանքը ու հիմնեցի Ինդիգո զարգացման կենտրոնը։
- Ի՞նչն է ձեզ մոտիվացնում
- Ցանկացած դրական փոփոխություն իմ կյանքում և շրջապատում։
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
- Իմ ընտանիքը, հարազատներս, շրջապատիս մարդիկ, սերը, բարությունը։ Կյանքն ինքնին պարգև է, ու պետք է գնահատենք այն ինչ ունենք։ Ես արթնանում ու քնում եմ ժպիտը դեմքիս,երջանկությունն ու երախտագիտությունը հոգուս մեջ։
- Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
- Ի սկզբանե իմ բիզնեսը բացվել է հենց ընտանիքիս, մասնավորապես երեխաներիս հետ ավելի շատ ու որակյալ ժամանակ անցկացնելու համար։ Կանայք իրենց էությամբ շատ ուժեղ են ու կազմակերպված, և որևէ բան անելու ցանկության դեպքում, վստահ եմ հաստատ կհաջողեն, իհարկե եթե չկան շատ լուրջ խոչընդոտներ։ Իմ պարագայում նաև շատ է հենց ընտանիքիս և մասնավորապես ամուսնուս աջակցությունը, ով միշտ ինձ վստահում և սատարում է։
Իսկ հիմա ամեն ինչ շատ ավելի դյուրին է, քանի որ իմ համահիմնադրած ընկերությունն ավելի կայացած փուլում է։
- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
- Իմ գլխավոր գործընկերոջ հետ միասին։ Ի դեպ կար ժամանակ, երբ ես խուսափում էի գործընկերությունից, նույնիսկ մերժել եմ մի քանի լուրջ գործըներության առաջարկ, բայց համավարակից հետո, իմ հիմնած ու փայփայած բիզնեսը պահելու համար, ես ինքս առաջարկեցի Նելլի Խաչատրյանին միավորել մեր երկուսի կենտրոնները և ուժեղացնել մեր ունեցած ռեսուրսները՝ դիմակայելու թագավարակի պատճառած վնասներին։ Եվ այդպես ստեղծվեց Ինդիգամին /Ինդիգո+ԱՄԻ/։
Իսկ կյանքում ինձ համար բոլոր դժվարությունները հաղթահարելի են, բացի մարդկային կորուստներից, որոնց հետ ուղղակի ժամանակի ընթացքում հաշտվում ես։ Եվ նույնիսկ ամենադժվար պահերին ես ունեմ երկու կարգախոս, որ ինձ օգնում են․ «կարող էր լինել ավելի վատ» , և  Սքարլետ Օ՛Հարայի կարգախոսը «Ես այդ մասին կմտածեմ վաղը»։
- Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
- Մեր ընկերությունը շուտով հանդես կգա նորույթով, որը վստահ եմ շատ արագ կգտնի իր ուրույն տեղը շուկայում, քանի որ ինչպես և Ինիգամիի պարագայում շատ սեր ու ջանք է ներդրված դրա ստեղծման մեջ։ Խոսքը «Խելքի կտոր ինտելեկտուալ» խաղի մասին է, որ նախատեսված է 3 տարեկանից բարձր հայախոս երեխաների և դեռահասների համար։ Այն ունենալու է տարբեր տարիքային և թեմատիկ շարքեր և հիմնական նպատակն է երեխաների համար ապահովել ուսուցողական և հետաքրքիր ժամանց առանց գաջեթների։