Blog

Back to blogs

6 կին գիտնականներ, որոնք փոխեցին աշխարհը

Այլևս տարօրինակ չէ հանդիպել կանանց, որոնք հեղաշրջում են ցանկացած ոլորտ, որն ասոցացվում է միայն տղամարդկանց հետ: Չնայած գենդերային հավասարությունը գիտության ասպարեզում դեռ որոշակի չափով առկա է, սակայն նույնիսկ այն ժամանակներում, երբ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, չունեին քվեարկելու կամ սովորելու իրավունք, միևնույն է, գիտահետազոտական տաղանդը դրսևորելու տարբերակներ միշտ գտնում էին:
Madam-ում այսօր կներկայացնենք կանանց, որոնք կարողացան դրսևորել իրենց ողջ ներուժն ու դառնալ լավագույնն այնպիսի ոլորտում, որտեղ նրանց փոքր ներկայությունն անգամ չէր ակնկալվում:

Մարիա Կյուրի
Պիեր և Մարիա ամուսինների ընտանեկան համագործակցության տակ շատերը այլ բան են կասկածում. կա տեսակետ, որ Մարիան ամուսնու սեռն ու դիրքն էր օգտագործում՝ հանրության հավանությանն արժանանալու համար, իսկ իրականում «գործընկերների» կարիք չուներ: Նրա ստացած բոլոր կարևոր տիտղոսներն ու մրցանակները, այդ թվում՝ երկրորդ Նոբելյան մրցանակը, Կյուրին ստացել է ամուսնու մահից հետո: Նրանց դուստր Իռենը ևս շարունակեց ծնողների ճանապարհը, և ոչ միայն Նոբելյան մրցանակ ստացավ հենց ռադիոակտիվության շուրջ կատարվող ուսումնասիրությունների համար, այլև մրցանակը կիսեց ամուսնու հետ:

Ռոզալինդ Ֆրանկլին
Նրա հայտնագործությունը շատերը համարում են 20-րդ դարի առանցքային գիտական բացահայտումներից մեկը, սակայն այդ շրջանում դրան բավարար ուշադրություն չի դարձվել, և հիմնական պատճառը եղել է նրա սեռն ու վաղաժամ մահը: Նրան զրկեցին անգամ Նոբելյան մրցանակի իր բաժնից, սակայն հենց Ֆրանկլինի կողմից իրականացված ԴՆԹ-ի ռենտգենային վերլուծության շնորհիվ այսօր մենք ունենք ոլորվող զույգ պարույրների վիզուալը, որի կարևորագույն դերն ընդունում են նաև մրցանակ ստացած հակառակ սեռի մրցակիցները:

Լիզա Մեյթներ
Ամենահետաքրքիր հակասությունն այն է, որ ամբողջ կյանքում լինելով պացիֆիստ՝ Լիզան այժմ համարվում է միջուկային զենքի հիմքի ստեղծողների մեկը: Իմիջիայլոց, նրա ազգանվան պատվին կա նաև քիմիական տարր՝ Մայնտերիումը:
Եթե նախորդ դեպքերում էլի ինչ-որ կերպ Նոբելյան մրցանակի չարժանանալը կարող էին վերագրել միայն սեռային խտրականությանը, ապա այդ դեպքում խնդիրը եղել է հենց Կոմիտեի մեջ:

Հեդի Լամարր
Այս պատմությունը կարծես լինի գեղարվեստական գրքից կամ ֆիլմից. արմատներով Եվրոպայից հոլիվուդյան դերասանուհին միավորվում է ավանգարդ կոմպոզիտորի հետ, որը տարված էր սարքավորումների ավտոմատացմամբ: Նրանք համատեղ ուժերով մտածում են ալիքների կոդավորման այնպիսի տարբերակ, որը հնարավոր չի լինում խլացնել: Լամարրը, ում կինոկարիերան շարունակվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, ոչ միայն ռմբակոծությունից փրկեց ԱՄՆ ռազմական նավատորմի բազմաթիվ նավեր, այլև ստեղծեց Wi-Fi-ի և Bluetooth-ի նախատիպերը:

Ադա Լավլեյս
Հաշվողական առաջին ծրագիրը շա՜տ ավելի հին է, քան մարդիկ կարող են պատկերացնել. Չարլզ Բեբբիջը, ով մեխանիկական համակարգչի հեղինակն էր, իր աշխատանքների ողջ ընթացքում խորհրդակցել է Լավլեյսի հետ: Նա լորդ Բայրոնի դուստրն էր: 1842-1843 թվականին Ադան գրեց Բեբբիջի սարքավորման գործարկման առաջին ալգորիթմը: Բայց սա տեղեկատվական տեխնոլոգիաներում արված նրա առաջին ավանդը չէր: Նա մեխանիկայի ազդեցությունը մարդկանց կյանքում տեսնում էր ոչ միայն մաթեմատիկական խնդիրների լուծման մեջ, այլև կյանքի վրա ունեցած դրական ազդեցությամբ. ու հենց այստեղ էր դրսևորվում հորից ժառանգած հակվածությունը դեպի ռոմանտիկա:

Մերի Էննինգ
Մերիի հայրը ատաղձագործ էր, ու Մերին նման չէր իր ժամանակների բրիտանացի լեդիներին, ու հենց միայն սրանով արդեն կանխորոշված էր, որ նա ինչ էլ անի, ճանաչման չի արժանանալու: Նա իր առողջությունն ու կյանքը վտանգելով՝ շրջում էր ու ուսումնասիրում բնությունը՝ գտնելով դինոզավրների մնացորդներ, սակայն այդ շրջանում դա նշանակալի բացահայտում չէր համարվում: Միայն դարավերջին նրան սկսեցին համարել կարևոր ու առանցքային դեմք հետազոտական աշխարհում:
Ինչպես տեսնում ենք՝ կանանց համար անհասանելի ոլորտներ ու պատնեշներ չկան: Որտեղ կինը փորձել է ցույց տալ իր հնարավորությունները, հասել է հաջողության: Իսկ Madam-ը ստեղծվել է հենց այսպիսի կանանց միավորելու համար. կանայք, որոնք ունեն իրագործելի նպատակներ, դեպի առաջընթաց ձգտում, փորձ, համարձակություն: