Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Էթիկետի 10 կարևոր կանոն կանանց և աղջիկների համար

Բոլորիս կյանքում էլ լինում են անհարմար իրավիճակներ, երբ չենք կողմնորոշվում, թե ինչպես վարվել և ճիշտ արձագանքել դրանց: Էթիկետի կանոնները հատկապես կարևորվում են գործնական շփման ժամանակ և ապահովում են անձի մասին դրական տպավորություն: Շատ հաճախ է պատահում, որ նույնիսկ արտաքնապես բավականին բարեհաճ անձինք իրենց պահվածքով և խոսելաոճով փչացնում են ողջ դրական տպավորությունը: Նման իրավիճակներից խուսափելու համար Մադամի այսօրվա բլոգում միասին կբացահայտենք ժամանակակից էթիկետի 10 կարևոր կանոն կանանց և աղջիկների համար:

1. Արտաքին տեսքը էական դեր է խաղում մարդու հետ առաջին հանդիպման ժամանակ համակրանքի առաջացման գործում։ Հագուստի ընտրության հարցում հիմնական պահանջը կոկիկությունն ու մաքրությունն է. ոչ մի դեպքում չենք կրում թուլացած կոճակներով, չարդուկված, կախված թելերով, կեղտոտ կամ մաշված հագուստ: Հանդերձանքը պետք է համապատասխան լինի իրավիճակին, օրինակ՝ մարզահագուստով երբեք աշխատանքի չենք գնում, եթե իհարկե աշխատանքը մարզասրահում չէ։

Ձմռանը և երեկոյան հարմար է մուգ գույնի հագուստը, մինչդեռ ամռանը և ցերեկը նախընտրելի է բաց գույնի հագուստ կրել, իսկ զարդերի հարցում կարևոր է չափի զգացումը, դրանք պետք է ընդգծեն անհատի ոճային առանձնահատկությունները:

2.Անընդունելի է կարգի բերել ձեզ, օրինակ՝ սանրել մազերը, թարմացնել շրթներկը կամ ուղղել հագուստը հասարակական վայրերում, սեղանի մոտ կամ փողոցում։ Այդ ամենը կարող եք անել տանը կամ զուգարանում, եթե հանրային վայրում եք:

3. Ցանկացած տեսակի հանդիպման ժամանակ, եթե սխալ անունով են ձեզ դիմում, պետք է միանգամից ուղղել, դա ամենևին կոպիտ կամ անհարգալից չէ: Շատ ավելի տարօրինակ կլինի, եթե մի քանի անգամ նույն անունով դիմելուց հետո միայն ուղղեք:

4. Բարևելու կանոնները տարբեր են՝ կախված այն բանից, թե ինչպիսի շփման մասին է խոսքը: Ավելի ջերմ, մտերմիկ գործնական հանդիպումների դեպքում տեղին է օդում երկու անգամ համբուրելը, բայց առանց այտին շուրթերով հպվելու։ Իսկ եթե համբուրվելը ձեզ համար բացարձակապես տհաճ է, ապա սահմանափակվեք ձեռքսեղմումով և այդպիսով անմիջապես սահմանեք ձեր անձնական տարածքը։

5. Ողջույնի ժամանակ պետք է պահպանել որոշակի հաջորդականություն՝ մեծերին միշտ առաջինն են բարևում կրտսերները, տղամարդիկ՝ կանանց, ուշացողը՝ իրեն սպասողին, սենյակ մտնողը՝ նրանց, ովքեր արդեն հավաքվել են, քայլողը՝ կանգնածներին: Տղամարդու և կնոջ միջև ձեռքսեղմման դեպքում առաջինը կինն է մեկնում ձեռքը:

6. Հյուրասիրության ժամանակ, ընդհանուր ափսեից պետք է վերցնել ձեզ ամենամոտ գտնվող կտորը. երկար ընտրությունը և ամենալավ կտորի համար պայքարը անքաղաքավարի են:

7. Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է միանալ արդեն զրուցող խմբի, ապա նախ պետք է ընտրեք մի խումբ, որը մասնավոր, գաղտնի զրույց չի ունենում: Սա հասկանալի է ժեստերի և դեմքի արտահայտությունների միջոցով: Եթե հասկանում ենք, որ խմբին կարելի է միանալ, ապա Էթիկետի կանոնների համաձայն՝ բավական կլինի ասել՝ «Ողջույն, կարո՞ղ եմ միանալ ձեզ»։

8. Խոսակցության մեջ մտնելիս պետք է իմանալ մի քանի կանոն. նախ՝ զրուցակցի խոսքը երբեք չի կարելի րնդհատել, նույնիսկ եթե համաձայն չեք ասվածի հետ, թողեք որ նա ավարտի: 12 տարեկանից բարձր բոլորին պետք է դիմել հոգնակիով, իսկ « դու»-ի անցում կատարում ենք միայն դիմացինի թույլտվությամբ: Պետք է սովորել ուշադրություն գրավել բառերով, ոչ թե ժեստերով, առավել ևս՝ զրուցակցի ձեռքից չբռնել կամ ուսին խփել։ Փորձեք խուսափել ավելորդ ժեստերից։ Զսպվածությունը լավագույն վարքագիծն է: Նույնիսկ ամենահաջող կատակի ժամանակ պետք չէ բարձր ծիծաղելև առավել ևս՝չպետք է կեղծ ծիծաղել, եթե ծիծաղելի չէ:

9. Աշխատեք չուշանալ հանդիպումներից, ժամանակին ներկայացեք հրավերքներին։ Թույլատրելի է համարվում մինչև 10 րոպե ուշացումը: Եթե, չնայած ամեն ինչին, հասկանում եք, որ ժամանակին չեք հասնելու, անպայման զանգահարեք նախօրոք և զգուշացրեք, թե որքան ժամանակ եք ուշանալու։

10. Հաճախ զբոսանքի ժամանակ կանայք իրենց ձեռքի պայուսակը տալիս են տղամարդուն, ինչը շատ կոպիտ սխալ է։ Ձեռքի պայուսակը կամ կլատչը պետք է լինի միայն կնոջ ձեռքում։ Տղամարդը պետք է օգնի կրել միայն գնումների պայուսակները, փաթեթներն ու տուփերը, երբ դրանք շատ են և ծանր։

Դե ինչ, սիրելի մադամներ, իսկական լեդի լինելու համար էթիկետի կանոնները պարտադիր են թե՛ ընկերական, թե՛ գործնական հարաբերություններում: Մնացե՛ք մեզ հետ, միասին բացահայտենք կանանց ներուժն ու դերը ժամանակակից բիզնես-աշխարհում, իսկ կանանց կարևորագույն հայտնագործություններին ծանոթացեք «5 հայտնագործություն՝ կանանց կողմից» բլոգում: