Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի նոր մասնաճյուղերի բացումը

«Ժեստ» հոգեբանական կենտրոնը ավելի քան 15 տարի է, ինչ մատուցում է ծառայություններ և աջակցում հազարավոր անհատների և հասարակության տարբեր խմբերի։ Կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանը MADAM գործարար կանանց ակումբի բորդի անդամ է և նպատակ ունի կենտրոնի ծառայությունները հասանելի դարձնել ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։

Կենտրոնն իր միջազգայնացման ճանապարհին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզերում հայ հոգեբանական մտքի զարգացմանը և տարածմանը։ Նոյեմբեր ամսվա ընթացքում կենտրոնը ունեցավ 2 մասնաճյուղի բացում՝ Արտաշատ և Արթիկ քաղաքներում։ Բացման ընթացքում կենտրոնի մասնագետներն իրականացրին մասնագիտական խորհրդատվություն, քննարկեցին ոլորտին առնչվող կարևոր հարցեր։

Ժեստ հոգեբանական կենտրոնի հոգեախտորոշման բաժնի ղեկավարը հյուրերին ներկայացրեց մինչ հոգեբանական աշխատանքի սկիզբը հոգեբանական գնահատման անհրաժեշտությունը և հոգեբանական մեթոդիկաների կիրառելիությունը՝ ըստ խնդիրների և տարիքային առանձնահատկությունների։ Մանկական բաժնի հոգեբանը խոսեց երեխաների մոտ առկա ակտուալ խնդրի, այն է՝ հեռախոսներից կախվածության և դրանց հաղթահարմանն ուղղված հոգեբանական մոտեցումների մասին, իսկ արատաբանական բաժնի հատուկ մանկավարժը ներկայացրեց հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողների հետ հոգեբանական աշխատանքի անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից խնդրի հանդեպ մերժողական վերաբերմունքը։

Կենտրոնի գործունեությունն ու ընդլայնումն ունի սոցիալական կարևոր նշանակություն։ Շնորհավորում ենք Մարիամին և մաղթում նոր բացումներ և ձեռքբերումներ։