Միջոցառման մասին
Հանդիպման ժամանակ կխոսենք հայ-հնդկական կին գործարարների համագործակցության հնարավորությունների մասին։
Հանդիպումն կիրականացնենք Աշխեն Խաչատրյանի հետ։
Աշխեն Խաչատրյանը տնտեսագետ է, անձնական բրենդինգի և բիզնես քոուչ, հիմնադիրը AshkhenPro ընկերության, ով 2014 թվականից բնակվում է Հնդկաստանի Չեննաի քաղաքում։ Նա կառուցում է կամուրջներ Հայաստանի և Հնդկաստանի միջև՝ օգնելով մասնագետներին և ձեռնարկատերերին բացահայտել իրենց ինքնության խորքային շերտերը, ձևավորել ուժեղ և վստահելի բրենդներ ու ներկայանալ համաշխարհային հարթակներում։
Աշխենի աշխատանքի առանցքում մարդն է՝ նրա արժեքները, պատմությունը և ձայնը։ Համադրելով վերլուծական փորձը պետական և մասնավոր հատվածներից՝ նա անձնական զարգացման նկատմամբ իր ցանկությունը վերածում է ազդեցիկ ռազմավարությունների՝ մասնագիտական ճանաչելիության և ազդեցության բարձրացման համար։
Նա հանդիսանում է ABWCI (Association of Business Women in Commerce & Industry) կազմակերպության Հայաստանի նախագահը։ Այս գլոբալ վիրտուալ պալատը միավորում է կին ձեռներեցներին ամբողջ աշխարհից՝ խթանելով նրանց հմտությունները, կապերը և մասնագիտական աճը։
Աշխենի առաջնորդությամբ ABWCI Հայաստանի բաժինը դարձել է հարթակ հայ կանանց համար՝ միանալու միջազգային բիզնես համայնքին, ընդլայնելու սահմանները և հնչեցնելու իրենց ձայնը համաշխարհային բեմում։
Բացի բրենդինգի ոլորտում իր ակտիվ գործունեությունից՝ Աշխենը նաև մշակութային առաքելություն ունի։ Նա հանդիսանում է Հայաստանի մշակույթի և ժառանգության նվիրյալ պաշտպանն ու դեսպանը Հնդկաստանում։ Տարիներ շարունակ ուսումնասիրելով Չեննայում մնացած հայկական հետքերը՝ նա կարևոր աշխատանք է կատարել՝ պահպանելու և հանրայնացնելու հայկական ներկայությունը Հարավային Հնդկաստանում։
2024 թվականի նոյեմբերին Աշխենը հանդես եկավ որպես գլխավոր բանախոս Բենգալորում կայացած «Միասին մենք աճում ենք» (Together We Grow) միջազգային համաժողովում։ Միջոցառումը կազմակերպվել էր Ubuntu Consortium-ի կողմից՝ Հնդկաստանի կառավարության MSME նախարարության և Կարնատակա նահանգի MSME կառույցի հովանու ներքո։ Աշխենը ներկայացրեց թե՛ Հայաստանի փորձը, թե՛ իր տեսլականը՝ անձնական բրենդի կառուցման, միջմշակութային համագործակցության և կանանց առաջնորդության վերաբերյալ՝ արժանանալով մասնակիցների լայն գնահատանքի։
Աշխեն Խաչատրյանի համար բրենդը լոգո կամ կարգախոս չէ։ Նրա տեսանկյունից, բրենդը մարդու ինքնության կենսունակ արտահայտությունն է՝ արմատներով, պատմությամբ և նպատակով։