Maxim Production

Հետ գնալ
Աննա Հարությունյան
Աննա Հարությունյան

 

-Ինչպե՞ս որոշեցիք բիզնես սկսել:
-Յուրաքանչյուր կինոպրոդյուսերի համար անհրաժեշտ և կարևոր է կինոարտադրություն ունենալը: Արտադրելով մի քանի ֆիլմեր` հասկացա, որ ճիշտ կլինի ներկայանալ սեփական արտադրանքով և, ինչու չէ, հայկական կինոիրականությանը ներկայանալ ուրույն ձեռագրով, որով առաջնորդվում է մեր թիմը:

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Ժպտալու համար ինձ շատ բան պետք չէ, բավական է հիշեմ Մարկեսի խոսքերը, և ժպիտս սկսում է ծորել. «Ժպտա, հաճույք մի´ պատճառիր դժբախտությանը»:

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Արվեստն ինքնին ենթադրում է ճիշտ հարցադրումներ կատարել. ահա այդ հարցերի պատասխանները գտնելը և մարդկանց հասցնելն է, որ ոգեշնչում և մոտիվացնում է ինձ: Կինոարվեստն, ըստ իս, անմրցունակ ուժ է ժամանակի «հիվանդությունների», ցավերի և, ինչու չէ, ուրախությունների մասին խոսելու համար: Դիպուկ գաղափարով, ճիշտ գրված սցենարով, լավ նկարահանված ֆիլմը զենք է, որ կրակում է առանց վրիպելու:

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Ես դեռ ամուսնացած չեմ, բայց հուսամ` համատեղելը հնարավոր կլինի, քանզի շատ եմ կարևորում ընտանիքի գաղափարը, բայց նաև պաշտում եմ իմ աշխատանքը:

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
-Դժվարություներն ընդունում եմ որպես մարտահրավեր, իսկ երբ ինչ որ բան անհաղթահարելի է թվում, հիշում եմ Սողոմոն թագավորի լեգենդար մատանու գրվածքը «Ամեն ինչ անցողիկ է, սա էլ կանցնի»: