ԼՕԼԻԿ

Հետ գնալ
Գայանե Աբգարյան
Գայանե Աբգարյան

Ձեզ ենք ներկայացնում մեր ակումբակից Գայանե Աբգարյանի հարցազրույցը, ով ներկայացնում է «ԼՕԼԻԿ» Իրանական, Իսլամական հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրումներով և բեռնափոխադրումներ կատարող ընկերությունը։

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Հեղափոխությունից հետո երբ հայտարարվեց, որ ցանկացած ոք կարող է զբաղվել իր ցանկացած աշխատանքով և միայն հարկեր վճարել, ես որոշեցի ստեղծել պարսկերենի դասընթացներ՝ որպես Ա/Ձ Գայանե Աբգարյան։ Այնուհետև սկսվեց քովիդի համավարակը, և ես հասկացա, որ կարող եմ ավելի մեծ աշխատանքներ անել, քանի որ կրում էի երկու հնագույն ազգերի մշակույթները, տիրապետում լեզվին՝ հանդիսանալով երկքաղաքացի և ունենալով բավականին հզոր ծանոթությունների բանակ։ Այդ ճանապարհով հնարավորինս շատ ապրանքներ կարողացա ներկրել Հայաստան և այդպես սկսեցի բիզնեսը։ Սկսեցի տոմատից մինչև բանջարեղեն, միրգ և այսպես մինչև  հասանք 5-րդ սերնդի ջերմոցներին։ Իսկ այսօր արդեն ամեն բան՝ սկսած շինարարական սարքավորումներից, գործիքներից, բժշկական սարքավորումներից մինչև հաց թխող սարքեր, հովացման, ջեռուցման համակարգեր և այլն։

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։ 
-Ինձ ժպտալ ստիպում է ցանկացած հաջողություն, որը կարող է իմ շրջապատում լինել, ցանկացած մարդու հաջողություն, ցանկացած գեղեցիկ երևույթ։ Ես կարող եմ ժպտալ քամու և տերևի պարից ու խաղի ։ Կարող եմ ժպտալ ծաղիկների գույնից, մարդկանց ժպիտներից, բարի հայացքներից, այն ամենից, ինչ այս աշխարհում կա։ Մարդկանց մեջ բարությունը կարող է ինձ ստիպել ժպտալ։  Եվ քանի որ այսքան չարի կողքին փնտրում և միշտ գտնում եմ բարին ուստի ես առիթ եմ ունենում համարյա միշտ ժպտալու։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
Ինձ մոտիվացնում  են խնդիրները, որոնք առկա են շրջապատում և որոնց լուծման համար անընդհատ ես փնտրում եմ ուղիներ։ Ինձ մոտիվացնում է ցանկացած հաջողակ մարդու  հաջողության մասին լուրը։ Եվ քանի որ հաղթահարել եմ արդեն կես դարը, ուստի ինձ համար ամեն օրը, ամեն վայրկյանը շատ արժեքավոր է, եթե ոչ հիմա, ապա երբ։ Դրա շնորհիվ է, որ մոտիվացիայի պակաս չունեմ, ընդհակառակը՝ ինքս եմ մոտիվացնում իմ շրջապատին, որովհետև այսօր չանել որևէ կարևոր բան՝ ես չեմ պատկերացնում։

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
-Քանի որ բիզնեսը միտումնավոր սկսել եմ 50+ տարիքում, մինչ այդ հարկ եմ համարել տանը երեխաների կողքին լինել, մինչև իրենք պատրաստ կլինեն սեփական հոգսերը հոգալ, մեր  տանը կա մի հետաքրքիր դրվածք, որ տնեսության մեջ մենք չունենք կնոջ աշխատանք, երեխայի պատասխանատվություն, տղամարդու աշխատանք։ Եթե կա տանը որևէ գործ, ցանկացած մեկը ով ազատ է, կանի այդ գործը․ կերակուր պատրաստել, աման լվանալ։ Ես տարբերություն բիզնեսից առաջ և հետո մեր տանը չեմ  նկատում։

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։ 
-Դժվարությունները, ըստ իս, մարդկային են, որովհոտև առանց դժվարության հնարավոր չէ ապրել, դժարությունները նորմալ երևույթներ են։ Ես ուրախանում եմ, երբ դժվարությունների առաջ եմ կանգնում, որովհետև ուղեղս սկսում եմ պրպտել, աշխատել և օգնություն խնդրել ընկերներից։ Կան լավ երևույթներ, որոնք առաջ են գալիս դժվարությունները հաղթահարելիս։ Ես չեմ տրտնջում դժվարության ժամանակ, չեմ դարձնում պրոբլեմ։ Դժվարությունը իմ համար մի խնդիր է, որը պետք է հաղթահարել։

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
-Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ նպատակադրվել եմ ստեղծել լեզվի ուսուցման կենտրոն, թարգմանչության կենտրոն, որովհետև դասավանդումը ինձ թվում է ավելի կարևոր է։ Այն ինձ մոտ լավ է ստացվում, ես կարող եմ սովորեցնել խոսել պարսկերեն երեք ամսում ոչինչ չիմացող ուսանողին, ուստի որոշել եմ զբաղվել այս ուղությամբ։ Հաջորդը 50+ ակումբի ստեղծումն է, որը կիրականացվի։