Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնեսը։
Ամուսինս երկար տարիներ աշխատել է ցուցահանդեսների կազմակերպման
ոլորտում, եւ ես եւս անկախ ինձնից ներգրավված էի այդ գործընթացում։
Ժամանակի ընթացքում հասկացանք, որ մեր գաղափարներն ու պլանները
կյանքի կոչելու համար պետք է հիմնենք մեր բիզնեսը։ Այս ոլորտին անմիջապես
սիրահարվելով՝ սկսեցինք հաստատուն քայլերով առաջ շարժվել, եւ արդեն 17
տարի է, ինչ Հայաստանում եւ արտերկրում կազմակերպում ենք տարբեր
ոլորտների ցուցահանդեսներ, փառատոններ եւ բիզնես ֆորումներ։
Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ։
Շատ բան կարող է ինձ ժպիտ պարգեւել, քանի որ կենսուրախ անձնավորություն
եմ։ Ինձ ամենից շատ ժպտալու առիթ են տալիս իմ աշխատանքը, ընտանիքս եւ
ընկերներս։
Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
Ցուցահանդեսների կազմակերպումը մեզ թույլ է տալիս ստեղծագործել եւ
իրականացնել մեր երազանքների նախագծերը, ինչպիսին է օրինակ
ArmenianAutoShow-ը, որը մեծ մոտիվացիայի աղբյուր է։ Մեր միջոցառումների
միջոցով բազմաթիվ ընկերություններ եւ անհատներ ստեղծում են նոր կապեր,
ինչը նաեւ նպաստում է հայրենական արտադրանքի զարգացմանը եւ նրանց
մոտիվացնում է նոր բարձունքներ նվաճել։ Բարդ խնդիրների լուծումը եւ դժվար
իրավիճակներից դուրս գալը մշտական աճի եւ մարտահրավերների աղբյուր են։
Իսկ մասնակիցների դրական արձագանքը եւ երախտագիտությունը ամենամեծ
մոտիվացիան են։
Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
Ինչպես արդեն նշեցի, ամուսնուս հետ ենք աշխատում, եւ կարելի է ասել՝
ընտանիքիս մի մասը միշտ ինձ հետ է։ Երեխաներս արդեն մեծ են եւ ունեն իրենց
ընտանիքները, ուստի մնացած ժամերը փորձում եմ անցկացնել նրանց հետ։
Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
Ես մարտահրավերներին մոտենում եմ որպես աճի հնարավորության եւ
փորձում եմ վերլուծել իրավիճակը՝ հասկանալու հիմնական խնդիրը։
Անհրաժեշտության դեպքում չեմ վախենում գործընկերներից օգնություն կամ
խորհուրդ խնդրել՝ լավագույն լուծումները գտնելու համար։ Մարտահրավերներ
միշտ կլինեն, բայց դրանք պատճառ չեն հուսահատվելու. կարեւորը ճիշտ
մոտեցումն է։
Պատմեք ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
Մեր մշտական նախագծերը, ինչպիսիք են «Construction and Interior»,
«ArmenianAutoShow», «Furniture Expo», «PanArmenian» ցուցահանդեսները եւ
«Spirit of Armenia», «Tea.Coffee.Chocolate» փառատոնները, արդեն
հայտարարված են։ Նոր նախագծերի մասով շուտով հետաքրքիր նորություններ
կհրապարակենք մեր էջերում։ Այս տարի Պրոմ Էքսպոն իր գործընկերների հետ
երկու նոր նախագիծ ունի. ապրիլի 4-ից 6-ը Արմենիա թրավլ ընկերության եւ
Տուրիզմի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնենք տուրիզմի միջազգային
ցուցահանդեսը, իսկ Պրորեկա ընկերության հետ միասին՝ «Profood»
միջազգային ցուցահանդեսը։ Հետեւեք մեր էջերին, որ ավելին իմանաք։