Ձեզ ենք ներկայացնում մեր ակումբակից Շողակաթ Խաչատրյանի հարցազրույցը, ով Theater On The Roof-ի հիմնադիր տնօրենն է։
-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
Թատերականում սովորելիս ես և ամուսինս՝ Մխիթար Դանիելյանը, որոշեցինք բացօթյա ներկայացում ունենալ տանիքում։ Բեմադրելիս սիրահարվեցինք այդ վայրին և հասկացանք, որ տանիքում խաղալը աննկարագրելի զգացողություններ է փոխանցում թե՛ դերասաններին, թե՛ հանդիսատեսին։ Այդպիսով, որոշեցինք, որ պարզապես մեր աշխատանքով պետք է զբաղվենք, ստեղծեցինք բեմադրությունների մեր մշտական վայրը և հիմնեցինք Հայաստանում առաջին այլընտրանքային թատրոնը՝ «Թատրոն Տանիքում»-ը, որը կփոխանցեր հանդիսատեսին նույն ազատությունը, ճախրանքը, սերը, որը տալիս են Երևանյան սիրաշատ ու արվեստոտ տանիքները։
-Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ։
Առհասարակ ոչինչ ստիպված չեմ անում, այդ թվում նաև ժպտալը։ Կարծում եմ ժպտալու շատ առիթներ կան կյանքում, պարզապես պետք է գտնել այդ փոքրիկ առիթներն ու երևույթները, որոնք քեզ ժպիտ կպարգևեն։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
Ինձ մոտիվացնում է կատարած աշխատանքի արդյունքը տեսնելը։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
Կարծում եմ որտեղ քեզ լավ ես զգում՝ դա կլինի աշխատանքի մեջ, թե ընտանիքում, պետք է վայելես ընթացքը և քեզ երբեք չմեղադրես ինչ-որ բան չհասցնելու համար։ Այո, երբեմն այս երկուսը դառնում են անհամատեղելի, սակայն չպետք է վերջինիս ծանր վերաբերվել, որպեսզի մեկը մյուսին չխանգարի։ Իսկ, առհասարակ կարելի է ժամանակը ճիշտ բաշխել և երկուսին էլ յուրովի ժամանակ տրամադրել։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
Բոլոր դժվարությունները հաղթահարում եմ ժպիտով և համառությամբ։ Խնդիրներին բախվելիս, արդեն միանգամից մտածում եմ լուծումները գտնելու և այդ լուծումներով առաջնորդվելու մասին։
-Պատմեք ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
Այլընտրանքային թատրոնը՝ մեր ստեղծած ձևաչափի հետ մեկտեղ, մեծ հետաքրքրություն ունի նաև զբոսաշրջիկների շրջանում, այդ իսկ պատճառով մենք ցանականում ենք դառնալ մշակութային տուրիզմի հիմնաքարերից մեկը՝ զարգացնելով Հայաստանում այլընտրանքային թատրոնը։
Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել թատրոնի գործունեությունը ոչ միայն Երևանի, այլև մարզերի «տանիքներում», ինչպես նաև կազմակերպել մասշտաբային մշակության միջոցառումներ, թատերական փառատոններ, որոնք կպարունակեն այլընտրանքային տարր, նախատեսվում է հանդես գալ արտերկրում՝ հյուրախաղերով։
Մեր առաջնային նպատակներից մեկն է նաև հայ հասարակության մեջ փոխել թատրոնի հանդեպ վերաբերմունքը՝ թատրոնը դարձնել հասանելի, իսկ թատրոն այցելելը՝ նորաձև։