2022թ․-ի ամփոփումը
2022թ․-ը գլոբալ առումով առանցքային փոփոխությունների և լուրջ մարտահրավերների տարի էր, որը պատվով հաղթահարեցինք ու լուրջ դասեր քաղեցինք։ Այնուամենայնիվ, տարին հագեցած էր, և դրական կողմերը ևս շատ էին։ Այսօր մի փոքր խոսենք անցյալ տարվա կարևոր իրադարձությունների, ձեռքբերումների մասին, որոնք MADAM գործարար կանանց ակումբում շատ էին։
Ամեն ինչ սկսվեց մայիսի 5-ից, երբ տեղի ունեցավ Մադամի առաջին միջոցառումը The Alexander հյուրանոցում։ Հենց այդ օրը դրվեցին կանանց կայուն համագործակցության ամուր հիմքերը։ Հենց այդ օրը ընկերական և գործնական հարաբերությունների համատեղմամբ ձևավորվեց մի միություն, որի անդամները պարբերաբար հանդիպում են, կիսվում իրենց փորձով և գիտելիքներով։
Ամենահետաքրքիրն այն է, որ մեր անդամները իրենց գործունեությունը ծավալում են ամենատարբեր ոլորտներում՝ լոգիստիկայից մինչև հրուշակագործություն, հոգեբանությունից մինչև ֆիլմի արտադրություն և ծանր արդյունաբերություն։ Դեռ մեկ տարին չլրացած՝ մեր թիմն ունի մոտ 4 տասնյակ անդամ, որոնց համատեղել է միայնն մեկ գաղափար, այն է՝ ինքնակատարելագործում։
2022թ․-ին մենք ունեցել ենք 44 պաշտոնական հանդիպում, դասընթաց և շրջայց, որոնց ընթացքում ձեռք ենք բերել շատ ու շատ կարևոր գիտելիքներ, հաղորդակցական հմտություններ, ծանոթացել ենք մեր երկրին, մշակույթին, հանդիպել տարբեր ոլորտների առաջատար մասնագետների, ովքեր մեզ հետ կիսվել են իրենց մասնագիտական գաղտնիքներով, հմտություններով և պատմությամբ։ Այս թվից դուրս են մնացել մեր առանձին, ոչ պաշտոնական քննարկումներն ու խորհրդակցությունները, որոնք իրենց դերով և նշանակությամբ չեն զիջում նախորդներին։
Ժամանակի ընթացքում MADAM-ը դարձավ ամենավստահելի, ջերմ ու հարազատ անկյունը, որտեղ բոլոր անդամները ձգտում են առաջինը կիսել իրենց հաջողությունները, ձեռքբերումներն ու ուրախությունը։ Այժմ մենք մի ամուր թիմ ենք, որը ջերմորեն ընդունում և ներգրավում է մեր ստանդարտներին համապատասխանող բոլոր նոր անդամներին։ Ամեն անդամ մեզ համար շատ մեծ նշանակություն է, մեր ընդհանուր մեծ ծառի մի տերևն է, որի ծաղկումը մեզ մեծ ուրախություն է բերում։ Անդամների միջև կայուն կապերի հաստատումը, միմյանց գործունեության ոլորտներին ծանոթանալը, համագործակցվելը, զարգանալը, ցույց տալը, որ կանայք բիզնեսում մեծ դեր ունեն՝ այս ամենը հենց այն գաղափարներն են, որոնց համար կյանքի կոչվեց Մադամը։ Այսօր ուրախ ենք տեսնել, որ մեր բոլոր նպատակներն իրականանում են, իսկ արդյունքները՝ գերազանցում սպասելիքները։
Ոչինչ չի կարող կնոջը դարձնել այնքան ինքնավստահ, որքան սեփական կարևորության գնահատումը, աշխատանքի արդյունքները տեսնելը, օր օրի սեփական անձի զարգացումը նկատելը և ընտանիքում, հայրենիքում ներդրումներ ունենալը։ MADAM-ի հետ 2023-ը կլինի առավել մեծ վերելքի տարի, շարունակի՛ր մնալ մեզ հետ, իսկ մերր անդամակիցներից մեկի բիզնես նորությանը ծանոթացիր «Malaga EVN. նոր համեղ և էսթետիկ անկյուն Երևանի սրտում» բլոգում։