Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Անձնական արդյունավետության բարելավման մեթոդներ

Հայտնի փաստ է, որ հաջողությունը բաղկացած է աշխատասիրությունից և տաղանդից: Ավելին, մարդիկ տարբեր համամասնություններ են առաջ քաշում՝ տաղանդի 10%-ից և աշխատանքի 90%-ից մինչև 50/50։ Քանի որ տաղանդը բնատուր է և արհեստական միջամտության ենթակա չէ, ապա պետք է կենտրոնանալ աշխատունակության վրա։ Մի քանի տարբեր գործերով զբաղվող մարդիկ կփաստեն, որ հաճախ հայտնվում են այնպիսի իրավիճակում, որ խճճվում են սեփական նախաձեռնություններում, իսկ գործերը մնում են անավարտ կամ թերի։ Անձնական արդյունավետության կատարելագործումը հենց նման իրավիճակներից դուրս գալու լավագույն գործիքներից է։ Իսկ թե ինչպես այն զարգացնել, ընթերցեք Մադամի բլոգում։

Անձնական արդյունավետությունը մարդու կարողությունն է՝ որոշակի առաջադրանքներ հնարավորինս արագ և արդյունավետ կատարելու: Ելնելով այս սահմանումից՝ արդեն կարելի է առանձնացնել այն հիմնական խնդիրները, որոնց բախվում է մարդը որոշակի առօրյա առաջադրանքներ կատարելիս.

  • ուշադրության շեղում,
  • դանդաղկոտություն։

Այսինքն՝ կարելի է ասել, որ անձնական արդյունավետությունը ենթադրում է հստակ կենտրոնացում որոշակի առաջադրանքի առավելագույն մակարդակով կատարման վրա։ Այսօր հոգեբանները առաջնահերթություն են տալիս անձնական արդյունավետության հարցերին: Մեկ կոնկրետ անձի արդյունավետությունը կարող է ազդել ոչ միայն մեկ կոնկրետ առաջադրանքի կատարման վրա, այլև ընդհանրապես անձի որոշակի նպատակների իրականացման վրա: Բիզնեսի ղեկավարների համար սա այն հիմնարար հատկանիշներից է, որ պահանջում է անընդհատ աշխատանք։

Դուք օգտագործում եք ձեր ռեսուրսները, որպեսզի հնարավորինս արագ հասնեք ձեր նպատակին՝ հնարավորինս նվազագույն ջանքեր գործադրելով: Սա չի նշանակում, որ առաջադրանքի կատարումը կլինի անորակ, ընդհակառակը, որքան մարդ արդյունավետ լինի, այնքան կարճ ժամանակում որակով կավարտի աշխատանքը։ Համապատասխանաբար, անձնական արդյունավետության բարձրացումը անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ մարդը շատ ավելի քիչ ժամանակ կծախսի առօրյա գործերի վրա և կկարողանա ռացիոնալ օգտագործել իր ժամանակը։

Անձնական արդյունավետությունը բարձրացնելու մեթոդները շատ են և տարբեր, սակայն հոգեբաններն ու քոչերը առանձնացնում են դրանցից ամենակարևորները։ Եկեք միասին քննարկենք։

Պլանավորում
Արդյունավետությունը բարելավելու ամենակարևոր միջոցներից մեկը ձեր օրը պլանավորելն է: Սա հիմնական հմտություններից մեկն է, որը կարող է բարձրացնել կատարողականը ողջ օրվա ընթացքում: Աբրահամ Լինքոլնը կարողացավ հասնել ամենահավակնոտ նպատակներին միայն իր անձնական արդյունավետության շնորհիվ: Նրա անգնահատելի խորհուրդն է․ «Ձեր նպատակին հասնելը առաջին ուղղությունն է, որի վրա դուք պետք է աշխատեք: Ձեր նպատակները գրեք թղթի վրա, ինչը ավելի շոշափելի է դարձնում այն»:
Սակայն օրվա պլանները միայն այսբերգի գագաթն են: Նպատակները պետք է սահմանվեն նաև ավելի երկարաժամկետ կտրվածքով: Փոքր նպատակներից բացի՝ պետք է ունենալ նաև առաքելություն, որին հասնելը կարող է մի ողջ կյանք տևել։

Առաջնահերթությունների սահմանում
Առաջնահերթություն սահմանելը կարևոր հմտություն է, որը պետք է սովորել նպատակադրումներին զուգահեռ: Որոշեք, թե որ առաջադրանքը պետք է ավարտվի առաջինը, որը հետո՝ հիմք ընդունելով դրանց կարևորությունը, սպասվող արդյունքներն ու հեռանկարները։ Նման առաջնահերթության կազմակերպումը թույլ է տալիս օրվա սկզբում լուծել ամենակարևոր խնդիրները՝ օգտագործելով առավելագույն ռեսուրսները՝ ավելի քիչ էներգիա թողնելով երկրորդականներին։

Հոգեբանները նույնպես հավատարիմ են նմանատիպ տեսակետին. դժվար առաջադրանքը կատարելուց հետո մարդն ունենում է էնդորֆինների ավելացում, ինչի արդյունքում՝ ռեսուրսների ներքին մատակարարման խթանում։ Ընդ որում, ամենահաճելի գործը պետք է թողնել օրվա ավարտին։ Դրան ձգտելը նույնպես կբարձրացնի կատարողականը:

Ուշադրության կենտրոնացում
Ամենադժվար մեթոդներից մեկը, որը թույլ է տալիս առավելագույնս խթանել անձնական արդյունավետությունը։ Այսինքն՝ առաջադրանք կատարելիս դուք չեք շեղվում ավելորդ բաների վրա, դուք լիովին նվիրվում եք աշխատանքին և այն շատ ավելի արագ ավարտում։ Կենտրոնացման խնդիրն այսօր ամենահրատապ խնդիրներից է՝ հատկապես սեփական բիզնես ղեկավարողների համար, քանի որ վերջիններս միշտ մտածում են տարբեր ուղղություններով։

Հետաքրքիր վիճակագրություն.
Երեխան մեկ բանի վրա կենտրոնանեւմ է 7 րոպեում։ Մեծահասակների մոտ այս ցուցանիշը կարող է աճել մինչև 40 րոպե։ Նույն տեսակի աշխատանքից 40 րոպե հետո, անկախ նրանից, թե որքանով է ստեղծագործական, տեղի է ունենում կենտրոնացման կորուստ և արդյունավետության անկում: Այսօր կենտրոնացվածությունը բարելավելու մի քանի մեթոդներ կան, բայց սկզբունքը նույնն է՝ պետք է պարբերաբար ընդմիջումներ անել և հաջորդել իրարից տարբեր գործողություններ։ Ամենաարդյունավետ մեթոդներից մեկը Պոմոդորոյի մեթոդն է։

Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ դուք պետք է զբաղվեք մեկ տեսակի զբաղմունքով 25 րոպե, իսկ հետո ինքներդ ձեզ 5 րոպե հանգիստ կազմակերպեք։ Այս ցիկլը 4 անգամ կատարելուց հետո պետք է փոխեք գործողությունները, նույնիսկ եթե գործունեությունը ավարտված չէ: Իսկ այլ գործողության 1-2 ցիկլից հետո վերադարձեք դրան և ավարտեք գործը։

Գաջեթներից օգտվելու դադարեցում աշխատավայրում
Սա բխում է նախորդ կետից. Բջջային հեռախոսներն ու պլանշետները բացասաբար են ազդում կենտրոնացման վրա։ Դրանք ստիպում են մարդուն անընդհատ շեղվել և ծանրաբեռնվել ավելորդ տեղեկություններով։ Բոլոր հնարավոր իրավիճակներում հրաժարվեք դրանցից։ Սահմանափակեք սոց․ ցանցերում անցկացվող ժամանակը, մշակեք սեփական ռեժիմ և մի շեղվեք դրանից։

Վերահսկողություն ինքնազգացողության վրա
Վատ առողջական վիճակը պատճառներից մեկն է, որ մարդը չի կարողանում օգտագործել իր առավելագույն ներուժը։ Հետևաբար, պետք է հիշել, որ երբեմն շատ ավելի լավ է 1-2 օր ծախսել վերջնականապես ապաքինվելու համար, քան 1-2 շաբաթ աշխատել հիվանդ վիճակում՝ դրանով իսկ նվազեցնելով ձեր արդյունավետությունը։


Սրանք ամենաարդյունավետ մեթոդներն են, որոնք առաջին հայացքից շատ պարզ են թվում, մինչդեռ իրականում պահանջում են մեծ ջանքեր իրագործման համար։ Այնուամենայնիվ, երբ այս քայլերն ու մեթոդները դառնում են ապրելակերպ, ինքներդ շատ արագ զգում եք դրանց արդյունավետությունը։

Դե ինչ, այսքանն էր Մադամի այսօրվա բլոգը, շարունակեք հետևել մեր նորություններին, իսկ մեկ այլ կարևոր թեմայի՝ մեր անդրադարձին ծանոթացեք «Ինչպես բարելավել բանավոր խոսքը» բլոգում։