Ինչպե՞ս կառուցել բիզնես դինաստիա՝ չկործանելով ընտանիքը
Ըստ McKinsey միջազգային խորհրդատվական ընկերության՝ ընտանեկան բիզնեսների միայն 5%-ին է հաջողվում բիզնեսը պահել մինչև երրորդ սերունդը ներառյալ։ Հետազոտական կենտրոնի մասնագետները զգուշացնում են, որ ընտանեկան բիզնեսը մեծ ռիսկ է. վարձու աշխատողներով նախագծի ձախողումը նշանակում է փողի կորուստ, մինչդեռ ընտանեկան բիզնեսի ձախողումը երբեմն նշանակում է ամբողջ կյանքիդ կործանում։
Հնարավո՞ր է արդյոք աշխատել հարազատների հետ՝ առանց անձնական հարաբերությունները վատացնելու։ Ո՞ր ընտանեկան բիզնեսն է ձեռնտու բացել հենց հիմա։ Իսկ ինչպե՞ս դաստիարակել երեխաներին, որպեսզի նրանք կարողանան պահպանել «ընտանեկան արժեքները»։
Բիզնեսի պատմությունը դաժան է. հազվադեպ է պատահում, որ ընտանիքն անցնի իշխանության և փողի փորձությունը՝ չխզելով ընտանեկան կապերը: Հենրի Ֆորդը, դաստիարակելով իր «լավ որդուն» և աշխատանքի ընդունելով, ի վերջո քննադատությամբ տանջեց ժառանգին։ Երբ Էդսելի մոտ ստամոքսի քաղցկեղ ախտորոշեցին, հայրը նրան աջակցեց մի գրությամբ. «Վերականգնի՛ր քո առողջությունը՝ համագործակցելով Հենրի Ֆորդի հետ»։ Եվ նույնիսկ մահամերձ վիճակում նա ասում էր որդուն՝ «Դու ոչինչ չես կարող անել, պետք է ավելի շատ աշխատել»: Ֆորդի թոռը՝ Հենրի երկրորդը, հիշում է՝ «Իմ սրտում ես միշտ կարծում էի, որ պապիկս է սպանել հորս»:
Մեկ այլ Պանդորայի արկղ է Gucci-ի կայսրությունը: Բաժնետերերի ժողովներից մեկում հարազատները կռվել են սեփական ընկերության պայուսակներով, իսկ ամենաշատը հասել է Պաոլո Գուչիին։ Նա պարտքի տակ չմնաց, և եղբայրներին ու հորն անմիջապես հանձնեց ոստիկանությանը. հայրը որդու «շնորհիվ» մնացած կյանքն անցկացրեց բանտում հարկերից խուսափելու համար։ «Բարձր ընտանեկան հարաբերությունների» ապոթեոզը Գուչիի թոռան՝ Մաուրիցիոյի սպանությունն էր։ Սպանությունը 350 հազար դոլարով պատվիրել էր նախկին կինը՝ Պատրիսիան, ով դատարանում հայտարարեց՝ «Դա հենց այն էր, որքան արժեր նա (ամուսինը)»։
Ստացվում է, որ հարազատների հետ բիզնես վարելը բազմակողմ և նույնիսկ վիճելի թեմա է ձեռներեցության աշխարհում: Շատերը կարծում են, որ ընտանիքի անդամների հետ բիզնես սկսելը կարող է կործանել ոչ միայն բիզնեսը, այլև ամենամոտ մարդկանց հետ հարաբերությունները: Բայց կա նաև ճիշտ հակառակ կարծիքը, որը հաստատում է հարյուրավոր ձեռնարկությունների և կորպորացիաների փորձը։
ՄԱԴԱՄ բիզնես ակումբի հերթական բլոգում ձեզ կպատմենք, թե ինչ առավելություններ ունի ընտանեկան բիզնեսը, կբարձրաձայնենք հարազատների հետ աշխատելու դժվարությունների և մարտահրավերների թեման, ինչպես նաև կկիսվենք լայֆհաքներով՝ արդյունավետ թիմային աշխատանքի համար:
Այսպիսով, ի՞նչ առավելություններ ունի մերձավոր ազգականների հետ աշխատելը:
Բիզնեսում հարազատները ոչ միայն գործընկերության, այլ նաև ընկերությունում ներդրումներ կատարելու և որպես աշխատող գործունեություն ծավալելու մասին են:
Ավագ սերնդի փորձի և երիտասարդ սերնդի նորարարական ժամանակակից լուծումների համադրության մասին է ընտանեկան բիզնեսը։ Երբեմն ընկերությունը զարգացնելու համար անհրաժեշտ է թարմ հայացք գցել դրա ներսում տեղի ունեցող գործընթացներին:
Վստահություն, հավատարմություն, բարձր ներգրավվածություն:
Ընտանեկան բիզնեսը եկամտի և շահույթի հիմքն է յուրաքանչյուր հարազատի համար, և հետևաբար արդյունքների վրա կենտրոնացումը շատ անգամ ավելի բարձր կլինի, քան աշխատողինը: Այստեղ, իհարկե, կարևոր է նաև ընտանեկան հարաբերությունները և կենցաղային կոնֆլիկտներն ու տարաձայնությունները գործնական հարաբերություններ չփոխանցելու ունակությունը։
Ընդհանուր արժեքներ և տեսլականներ
Ընտանեկան բիզնեսը միշտ վերաբերում է ընդհանուր նպատակներին և նույն ուղղությամբ նայելուն: Միշտ ավելի հեշտ է աշխատել համախոհների հետ, քանի որ դուք կենտրոնացած եք ամբողջ աշխատանքի վերջնական արդյունքի վրա:
Անվտանգ ներդրում
Դուք կարող եք գտնել ներդրողներ, վարկ վերցնել բանկերից, օգտագործել ձեր բոլոր անձնական ակտիվները: Բայց ընտանիքի մերձավոր շրջապատից օգնություն խնդրելը շատ ավելի հեշտ է և հաճախ շատ ավելի արդյունավետ:
Բիզնեսում հարազատների հետ հարաբերություններում հաջողության գրավականն է պարտականությունների հստակ բաշխումը: Սա չի նշանակում, որ ֆինանսական կառավարման հարցերով զբաղվելիս չեք կարող հետաքրքրվել և վերահսկել մարքեթինգի և կադրերի բաժինների աշխատանքը։ Սա նշանակում է, որ ընտանեկան բիզնեսի յուրաքանչյուր մասնակից ունի իր պատասխանատվության ոլորտը, որի համար նա պատասխանատու է։ Դուք կարող եք օգնել, վերահսկել, տալ խորհուրդներ կամ հետադարձ կապ, բայց պատասխանատվություն չեք կրում այս ոլորտում աշխատանքի արդյունքի համար:
Առաջարկում ենք հետևել նշված կանոններին կամ խորհուրդներին ավելի ամուր հիմքով ընտանեկան բիզնես կառուցելու համար։
Մի՛ պարտադրեք ձեր բիզնեսը ձեր երեխաներին: Երեխաներին պետք է հնարավորություն տալ ինքնորոշվելու։
Ձեր երեխաներին վերաբերվեք որպես գործընկերների և հարգեք նրանց կարծիքը: Իհարկե, պարտականությունների սահմանները հարգելը կարևոր է, բայց դա չի հակասում ձեր երեխային որոշումներ կայացնելու որոշակի ազատություն տալու գաղափարին: Աստիճանաբար նրան ներկայացրեք ընկերության տնօրենների խորհրդին, հրավիրեք հանդիպումների, լսեք նրա կարծիքը բիզնես գործընթացների վերաբերյալ և կարծիքներ տվեք գաղափարների վերաբերյալ:
Գործընկերության պայմանագրեր կնքել: Այո, դուք ընտանիք եք և կարող եք բանավոր պայմանավորվել ամեն ինչում, բայց սա անվստահելի մեթոդ է։ Ավելի լավ է, որ բոլոր համաձայնագրերն ապահովված լինեն փաստաթղթերով. դա ավելի քիչ տեղ է թողնում կոնֆլիկտների և թյուրիմացությունների համար:
Մի՛ մրցեք: Ընտանեկան բիզնեսը թիմային խաղացողների համար է: Մի մրցեք ձեր մտերիմների հետ կամ փորձեք գերազանցել նրանց։ Պետք է լինի ենթակայություն, բայց մրցակցությունը սպանում է հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել պարտականությունների և պատասխանատվության ոլորտների հստակ բաշխման։ Նախապես բաշխեք ընկերության բաժնետոմսերը ձեր երեխաների միջև՝ նրանց միջև մրցակցությունը կանխելու համար:
Ընտանեկան բիզնեսի առաջմղման և զարգացման համար կարևոր է այս կանոններին հետևելը։ ՄԱԴԱՄ բիզնես ակումբի անդամակիցներից շատերը ղեկավարում են հենց ընտանեկան բիզնես, ուստի ակումբում հետևողականորեն կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ, դասընթացներ տվյալ թեմայի շուրջ։
Չափազանց մեծ նշանակություն ունի կանանց դերը ընտանիքում, հետևաբար անհրաժեշտ է բալանսավորել ընտանիք-բիզնես հարաբերակցությունը, որպեսզի չտուժի ոլորտներից և ոչ մեկը։