Ընտանիք, արժեքներ և բիզնես՝ մի հանդիպման շրջանակում
Մայիսի 15-ը՝ Ընտանիքի միջազգային օրը, այս տարի դարձավ խորը արժեքներով լի մի յուրահատուկ հանդիպման առիթ։ «Մադամ Արմենիա» գործարար կանանց ակումբն արդեն երկրորդ տարին է, ինչ սիրով միանում է «ժԵՍՏ» հոգեբանական կենտրոնի նախաձեռնությանը՝ նշելու այս կարևոր օրը՝ հոգևոր և պրոֆեսիոնալ վերամիավորման մթնոլորտում։
Այս անգամ ձևաչափը մի փոքր այլ էր՝ կրթական, մշակութային և մասնագիտական շեշտադրումներով։ Հյուրընկալ մթնոլորտում հավաքվել էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ հոգեբաններ, իրավաբաններ, լրագրողներ, արվեստագետներ ու գործարարներ՝ քննարկելու այն, ինչ մեզ միավորում է որպես հասարակություն՝ ընտանիքի և բիզնեսի համադրման ճանապարհը։
Հանդիպումը բացեց «ԺԵՍՏ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանը, որը շեշտեց ընտանեկան արժեքների պահպանման և ժամանակակից բիզնեսի մեջ դրանց ներգրավման կարևորությունը։ Խոսվեց ընտանիքի առաքելության մասին, ամուսնալուծության փուլերի հոգեբանական կողմերից, և, իհարկե, ժամանակի՝ մեր ամենաթանկ ռեսուրսի, ճիշտ կառավարման եղանակներից։
Հյուրերն ակտիվորեն ներգրավվեցին երկխոսության մեջ՝ կիսվելով իրենց փորձով ու մոտեցումներով, իսկ մի հատվածում մասնակիցները խաղարկեցին իրական սցենարներ «Մեկ ընտանիք» տեխնիկայի շրջանակում։ Տեխնիկան յուրահատուկ էր նրանով, որ յուրաքանչյուր մասնակից, ընտանեկան որևէ դեր ստանձնելով, կառուցում էին տուն։
Արդյունքում՝ ստացվեց պատկերավոր «ընտանեկան տուն», որը առաջարկվեց անվանակոչել «Madam Armenia Group»։ Այս խորհրդանշական կառուցվածքը պահվելու է մինչև հաջորդ հավաքը՝ որպես շարունակական հիշեցում մեր փոխկապվածության մասին։
Եվ երբ թվում էր, թե օրը արդեն հասել էր իր տրամաբանական ավարտին, բեմ դուրս եկավ սիրված երգչուհի Անահիտ Շահբազյանը, ով նախաձեռնեց հուզիչ ֆլեշ-մոբ։ Բոլորը միահամուռ ձայնակցեցին «Երևանը մերն է» երգին՝ դարձնելով այդ պահը տոնի իրական գագաթնակետ։
Այսպիսի օրերը հիշողության մեջ մնում են որպես ոչ միայն գեղեցիկ պահեր, այլև նոր մտածողության ծնունդ։ Քանի որ երբ ընտանեկան արժեքները համադրվում են անձնական աճի, կրթության ու բիզնեսի հետ՝ ձևավորվում է մի ուժ, որը կարող է փոխել ոչ միայն կյանքեր, այլև համայնքներ։
«ՄԱԴԱՄ» գործարար կանանց ակումբը շարունակում է նպաստել կանանց կողմից ստեղծված բիզնեսների զարգացմանը։
Մնացե՛ք մեզ հետ՝ հաջորդ հանդիպման համար։