Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

«Իմ երազանքները, իմ իրականությունը․ ո՞վ եմ ես և ո՞ւր եմ գնում»

Միջոցառման մասին

Տաթև Բեյբությանը բիզնեսի աճի և առաջնորդության քոուչ է, բիզնես ռազմավար, MADAM Businesswomen’s Club-ի հիմնադիր և նախագահ, Brandon Academy-ի համահիմնադիր։

Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական փորձ մարքեթինգի, բրենդինգի, բիզնեսի զարգացման և ռազմավարական կառավարման ոլորտներում։ 2016 թվականից EBRD-ի որակավորված խորհրդատու է։ Աշխատում է ձեռնարկատերերի, բիզնեսի հիմնադիրների և ղեկավարների հետ՝ օգնելով բացահայտել զարգացման հնարավորությունները, հաղթահարել աճի խոչընդոտները և հասնել բիզնեսի հաջորդ մակարդակին։

Մասնագիտական գործունեության ընթացքում կենտրոնացել է ոչ միայն բիզնես համակարգերի և ռազմավարությունների զարգացման, այլև մարդկային ներուժի, մտածողության, առաջնորդության և գիտակցված որոշումների կարևորության վրա։

Քոուչինգային վարժություն

Վարժության նպատակն է օգնել մասնակիցներին ամփոփել անցնող տարին, գիտակցել իրենց ձեռքբերումները, բացահայտել իրական ցանկություններն ու երազանքները և ձևավորել հաջորդ տարվա անձնական ու մասնագիտական տեսլականը։

Վարժության ընթացքում մասնակիցները կանդրադառնան իրենց անցած ճանապարհին, կգնահատեն տարվա ընթացքում իրականացված նպատակները, հաղթահարված դժվարություններն ու ձեռք բերած փորձը։ Կբացահայտեն իրենց ուժեղ կողմերը, արժեքները, սահմանափակող համոզմունքներն ու այն հանգամանքները, որոնք խանգարում կամ օգնում են առաջ շարժվել։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի իրական ցանկությունների և արտաքին սպասումների տարբերակմանը․ ի՞նչ են նրանք իսկապես ցանկանում իրենց կյանքում, բիզնեսում և կարիերայում, ինչպիսի՞ մարդ ու մասնագետ են ուզում դառնալ և ի՞նչ փոփոխություններ են պատրաստ իրականացնել այդ ճանապարհին։

Քոուչինգային հարցադրումների և ինքնավերլուծության միջոցով յուրաքանչյուր մասնակից կձևակերպի իր հաջորդ տարվա տեսլականը, երեք առաջնահերթ նպատակները և դրանց իրականացման առաջին քայլերը։

Վարժության ակնկալվող արդյունքը՝ սեփական անձի և ցանկությունների ավելի հստակ գիտակցում, անցնող տարվա իմաստավորված ամփոփում, ապագայի տեսլականի ձևավորում և երազանքները կոնկրետ գործողությունների վերածելու պատրաստակամություն։

Հիմնական ուղերձը՝ գիտակցել՝ ով եմ ես այսօր, ինչ եմ իրականում ուզում և ուր եմ ցանկանում գնալ։

11:00 28-11-2026