AG Step Business Consulting 

Հետ գնալ
Աննա Գաբրիելյան
Աննա Գաբրիելյան

Ձեզ ենք ներկայացնում AG Step Business Consulting 
 ընկերության հիմնադիր Աննա Գաբրիելյանին։

-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել բիզնես:
-Որոշումը մեկ օրում չի կայացվել։ Ավելի քան 10 տարի բարձր պաշտոն եմ զբաղեցրել պետական կառավարման համակարգում։ Այս տարիների ընթացքում առնչություն եմ ունեցել թե՛ մասնավոր բիզնեսի, թե՛ պետական  ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ու եկավ մի ժամանակ, երբ հասկացա, որ տիրապետում եմ բիզնեսի զարգացման հարցում իրավական գիտելիքների  ամբողջ պաշարի, ու որոշեցի, որ անհրաժեշտ է գործունեության դաշտը փոխել։ Հասկացա, որ ես կարող եմ իմ գիտելիքներն օգտագործել եւ խորհուրդ  տալ բիզնեսին՝ գրագետ, ճիշտ զարգացում ապահովելու համար։ Հետեւաբար,  այդ անցումը սահուն էր ու ժամանակին։ AG Step Business Consulting ընկերությունը, որպես այդպիսին, իր գործունեության համար որգեդրել է բիզնես խորհրդատվությունը։ Մենք կազմակերպում և հեշտացնում ենք բիզնեսում ցանկացած փաստաթղթաշրջանառություն, որը կապված է իրավաբանության հետ։ Մեր գործունեության շրջանակը լայն է, ամբողջությամբ ընդգրկում է բիզնես աշխարհում գործող կանոնները եւ դրա հետ առընչվող, իրավաբանության անքակտելի մասը կազմող, գրագետ խորհրդատվությունը։ 


-Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ։
-Մարդկանց օգնելու հնարավորությունը, ընտանիքս, սիրելի աշխատանքս՝ իր կարևոր առաքելությամբ։ Առհասարակ, ժպիտը, դրական հաղթական տրամադրվածությունը իր հետքը թողնում է ցանկացած գործում՝ փորձս է ապացուցել։


-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Ժամանակին համընթաց լինելու պարտավորվածությունը, զարգացման, առաջընթացի և լավագույնը լինելու ձգտումը։ Ես ինքս լինելով ընկերության հիմնադիր՝ անընդհատ փորձում եմ ցանկացած նորարարական գիտելիքների ձեռքբերման նպատակով մասնակցել տարաբնույթ հանդիպումների, թրեյնինգների, միջազգային շուկայում հասկանալ ինչ տենդենցներ կան գործերի վարման, հաճախորդների հետ բանակցման, ճիշտ, գրագետ, ընդունելի ձեւաչափերի կիրառման հարցում։ Մենք փորձում ենք շուկայում լինել մի ընկերություն, որը տեխնիկական աշխատանք չի անում, այսինքն չհասկանալով չզգալով տնտեսվարողի գործունեության ռիթմը, ուղղակի տեսականորեն որեւէ հարցի վերաբերյալ իրավաբանական փաստաթուղթ չենք ուղարկում, այլ հակառակը փորձում ենք հասկանալ ընկերության աշխատանքի ռիթմը, առաջացած խնդիրները և դրա շրջանակում լուծում տալ։


-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը եւ բիզնեսը։
-Կյանքում ինձ համար սկզբունքային է հետևյալ կանոնը ցանկացած նախաձեռնության հարցում առաջնայինը որակյալ արդյունքն է։ Իմ կյանքի ցանկացած ասպեկտում չեմ սիրում թերի մասեր տեսնել, ուստի ամեն ինչ համատեղում եմ այնպես, որ մեկը մյուսին չխանգարի, եւ ինքս բոլոր դերերում լավագույնս դրսևորվեմ։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
-Իրավիճակային լուծումներով։ Կարծում եմ՝ եթե ամեն ինչ ժամանակին և ճիշտ եղանակներով է արվում, դժվարություններ չեն առաջանում։ Այնուամենայնիվ, երբեմն որոշ գործոններ մեր վերահսկողության շրջանակից դուրս են, փորձում եմ ուսումնասիրել դրանք, գտնել ամենահամապատասխան լուծումն ու վերացնել խնդիրը։


-Պատմեք ձեր նոր նախագծերի եւ ընկերության հեռանկարների մասին։
-Ուրախությամբ կարող եմ ասել, որ ընկերության ստեղծման օրվանից համագործակցության փորձառություն ունեցանք միջազգային մի քանի խոշոր ընկերությունների հետ՝ աութսորս սկզբունքով խորհրդատվություն ենք տրամադրում։ Այս ամենի նախադրյալն էր, իհարկե, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչի հետեւանքով արտասահմանցի գործարարներն այստեղ գումարներ ներդրեցին, տեղափոխեցին։ Սակայն մենք համագործակցություններ ունենք ոչ միայն ՌԴ, այլեւ Արաբական Միացյալ էմիրությունների, Եվրոպայի մի շարք երկրների բիզնեսների հետ։ Որպես կանոն, դրանք մասնաճյուղեր են բացում Հայաստանում ու անհրաժեշտություն է առաջանում նրանց գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրությանը։ Նրանք, նաեւ մեր գործունեության արդյունքում, դառնում են մեր երկրի օրինապաշտ տնտեսվարողներ, հարկեր են վճարում, ու հաջողությամբ վարում են իրենց գործունեությունը՝ խոչընդոտների չհանդիպելով։