Հետ գնալ
Հայկուհի Միքայելյան
Հայկուհի Միքայելյան

Ձեզ ենք ներկայացնում մեր ակումբակից Հայկուհի Միքայելյանի հարցազրույցը, TWEET Telecom-ի հիմնադիր գործընկերն է և հիմնադիր տնօրենն է։

 

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։

Բիզնեսն ինքն ինձ գտավ։ Երկար տարիներ աշխատելով հեռահաղորդակցության և կապի մեծածախ շուկայում՝ ոլորտում ունեի մեծ ճանաչում և հաստատել էի արդյունավետ գործընկերային կապեր։ Արդյունքում բիզնես ստեղծելու առաջարկը չուշացավ․ ոլորտի առաջադեմ կազմակերպություններց մեկից ստացա հրավեր՝ հիմնելու նոր կազմակերպություն և աշխատելու գործընկերային հիմունքներով։
Այսպիսով ստեղծվեց Tweet Telecom-ը, որն իր կայուն տեղն ունի հեռահաղորդակցության համաշխարհային շուկայում՝ հանդիսանալով ոլորտի առաջատարներից մեկը։ Մեր կազմակերպությունը համագործակցության պայմանագրեր ունի մի շարք նշանավոր տելեկոմների հետ, ինչպիսիք են Deutsche Telekom-ը, Orange-ը, KDDI Corp (Հոնգ Կոնգ Տելեկոմը), Vodafone Group-ը, China Mobile-ը, Omantel-ը, Tata Group-ը, ZAIN-ը և ուրիշներ։

 

-Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ։

Իմ ամենամեծ ուրախությունը և ժպիտը երեխաներս են։ Նրանցից ճառագող էներգիան, նրանց անկեղծ ժպիտը ինձ անսահման ջերմություն են տալիս։Ժպտում եմ լավ հիշողություններից, կամ ուղղակի Ժպտացող մարդիկ տեսնելիս։

 

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։

- Կազմակերպության հաջողությունը, միջազգային ճանաչումը, հետաքրքիր աշխատանքս և անձնական  աճը։ 

 

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը եւ բիզնեսը։

Մենք ապրում ենք այնպիսի տեմպով, որ ժամանակը երբեք չի բավարարում, բայց ես երբեք չեմ ընկնում «Չգիտեմ՝ որ մեկն անեմ» վիճակի մեջ։ Նախօրոք պլանավորում եմ անելիքս և ժամանակը, ընդ որում՝ այդ ամենը ձեռագիր գրում եմ նոթատետրում։Բացի այդ, մեր կազմակերպությունում գործում է արդեն մշակված աշխատանքային մեխանիզմ, որտեղ բոլորը գիտեն իրենց դերն ու անելիքները։ Հենց իմ թիմի ճիշտ ու նվիրված աշխատանքի շնորհիվ էլ ընտանիքս ու երեխաներս չեն տուժում։Երեխաներս ամենից շատ սիրում են գործուղումներս, որովհետև միշտ գալիս են ինձ հետ։ Այսպիսով՝ հեշտությամբ համատեղում ենք արդյունավետ աշխատանքն ու ընտանեկան ջերմությունը։

 

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։

Կարծում եմ, որ չկան դժվարություններ, կան մարտահրավերններ, որոնց արդունավետ լուծման համար, բնականաբար, մեծ աշխատանք ու կամային հատկանիշներ են պետք։Մեր ոլորտում ամեն օրը նոր պայքար է, ամեն օրը տարբերվում է նախորդից, ու ամեն ինչ սկսում ենք նորից։ Ահա այստեղ շատ կարևոր է թիմը, ում հետ աշխատում ես։ Եթե ունես նվիրված և գրագետ թիմ, ուրեմն ամեն հարց հաղթահարված է։ Հենց այդ հաղթանակին հասնելու զգացողությունն էլ մոտիվացնում է նորանոր մարտահրավերներ ընդունել։ 

 

-Պատմեք ձեր նոր նախագծերի եւ ընկերության հեռանկարների մասին:

Պլանավորում ենք ընդլայնել գործունեության ծավալը՝ նոր գործընկերային պայմանագրեր կնքելով։ Ինչպես նաև մեկնարկելու ենք SMS պրոդուկտը, արդեն իսկ եղած գործընկերների հետ։