Ձեզ ենք ներկայացնում մեր ակումբակից Լիանա Գասպարյանի հարցազրույցը, ով Le Gasy house և Le Gasy flowers-ի հիմնադիր տնօրենն է։
-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Բիզնես գաղափարը հանկարծակի է ծագել: Ի սկզբանե տրամադրված եմ եղել աշխատել իմ մասնգիտությամբ` լրագրություն, սակայն ընթացքում հասկացա,որ դա իմ ուղղին չէ: Որոշեցի կատարել քայլ դեպի բիզնես ոլորտ, քանի որ վստահ էի՝ կունենամ ավելի ազատ մտածելու, ստեղծագործելու հնարավորություն:
-Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ։
- Հանդիպող ծանոթ և անծանոթ մարդկանց ժպիտները:
-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում։
- Մոտիվացվում եմ նորը ստեղծելու մտքից: Ու հենց դա է պատճառը, որ անընդհատ ունենում եմ նոր գաղափարներ՝ անկախ նրանից՝ մտածում եմ այդ ուղղությամբ, թե ոչ։ Կրկնվող կամ մեխանիկական աշխատանքն ու ես անհամատեղելի ենք:
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
- Բոլորին վարակել եմ իմ աշխատանքով: Բիզնեսում ներգրավված է ընտանիքս, հետևաբար համատեղելը շատ ավելի հեշտ է:
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
- Ինձ համար չկան խնդիրներ: Աշխատանքում առաջացած դժվարություններին նայում եմ որպես ընթացիկ հարցեր, որոնց ճիշտ լուծում է պետք տալ:
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
- Առաջիկայում պլանավորում եմ ունենալ ավելի ընդարձակ ծաղկի սրահ, ինչպես նաև գործունեությունս մեծացնել օնլայն հարթակում: