Ձեզ ենք ներկայացնում մեր ակումբակից Նատաշա Մխիթարյանի հարցազրույցը, ով ներկայացնում է «Մաստեր պրինտ» տպագրատունը։
-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Իրականում իմ ուղին այլ գործարարների ավանդական պատմություններից տարբերվում է, քանի որ մարդիկ սովորաբար իրենց գործունեությունը երկար պլանավորում, 0-ից են սկսում կամ նախապես որևէ հիմք ունենում են։ Իմ դեպքում հակառակն էր․ ես աշխատում էի հարազատներիցս մեկի տպագրատանը՝ որպես դիզայներ։ Դժբախտ պատահարի արդյունքում տպագրատան սեփականատերը մահանում է, իսկ ընկերության ողջ բեռը մնում է իմ ուսերին՝ կուտակված մեծ պարտքերով։ Ես պետք է կայացնեի լուրջ որոշում․ շարունակել և շտկել իրավիճակը կամ վճարել բոլոր պարտքերն ու դադարեցնել իրավիճակը։ Անչափ շնորհակալ եմ ընտանիքիս, շրջապատիս, որ այդ դժվարին շրջանում կողքիս էին, ինձ քաջալերում էին։ Հենց իրենց շնորհիվ է, որ չհանձնվեցի։
-Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ։
-Հաճախորդների գոհունակությունը, ընտանեական սիրո եվ ներդաշնակության միաձուլումը, սիրված լինելը՝ սիրելիների կողմից։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Գործնական հաջողությունները, թիմային արդյունավետ աշխատանքը։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
-Պետք է նշեմ՝ մենք ընտանիքով ներգրավված ենք այս բիզնեսում և օրվա մեծ մասը գրեթե միասին ենք:
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
-Յուրաքանչյուր աշխատանք ունի իր դժվարությանները, և եթե կան այդպիսիք, ապա միայն աշխատանքով եմ հաղթահարում։
-Պատմեք ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Նպատակները շատ են, մասնավորապես նախատեսում եմ ընդլայնել տարածքը, նոր սարքավորումներ ձեռք բերել, փնտրտուքների մեջ եմ։ Այս ոլորտը, պայմանավորված թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականություն արագ զարգացման տեմպերով, միշտ նորանոր մարտահրավերներ է նետում։ Ժամանակին և տեխնոլոգիաններին համահունչ լուծումներ պետք է տրվեն դրանց, ինչն էլ ինձ մոտիվացնում է հաղթահարել այս դժվարությունները։ Հաղթահարելուց հետո մենք բոլորս ժպտում ենք և մեր լուսավոր թիմի հետ շարժվում առաջ։