Kara Silver-ը մեր քաղաքի ամենահայտնի արծաթագործական բրենդն է։ Իսկ նրա հիմնադիրը՝ Կառա Ավետիսյանը՝ մեր անդամակիցը։ Մենք ուրախ ենք ներկայացնել նրան՝ հարցազրույցի օգնությամբ։
- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես:
-Սկզբում արծաթագործությունը ինձ համար հոբբի էր, բայց որոշ ժամանակ անց մարդիկ սկսեցին հետաքրքրվել իմ աշխատանքներով, և այն սկսեց բերել եկամուտ: Այդ ժամանակ հասունացավ խանութ-սրահ հիմնելու որոշումը, և բացումը կայացավ 2008թ: Մինչ օրս՝ շուրջ 15 տարի աշխատում ենք գեղեցկություն և երջանկություն պարգևել մեր հաճախորդներին, որոնց մեծ մասը դարձել են ընկերներ:
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Առավոտյան արթնանալիս րոպեներն եմ հաշվում, թե երբ պիտի հասնեմ աշխատավայրս, իմ սիրելի թիմի հետ մի բաժակ սուրճ վայելենք, քննարկենք օրվա անելիքը ու անցնենք գործին: Այդ պահերն են ինձ մոտիվացնում ու ոգևորում ստեղծել նորանոր աշխատանքներ:
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
-Յուրաքանչյուր դժվարություն հաղթահարում ենք թիմի հետ միասին: Երբ թիկունքդ ուժեղ է, դու ավելի կանգուն ես:
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը եւ բիզնեսը:
-Ինչ խոսք, բիզնեսը զբաղեցնում է օրվա մեծ մասը, բայց երբ ժամանակդ ճիշտես օգտագործում, չեն տուժում ո՛չ ընտանիքը, ո՛չ երեխաները, ոչ էլ գործը: Հաճախ մտածում եմ, որ, երեւի, սա է երջանկությունը, երբ ունես սիրելի աշխատանք և ընտանիք: Ես երջանիկ եմ:
-Պատմեք Ձեր նոր նախագծերի եւ ընկերության հեռանկարների մասին:
-Առայժմ գործում է մեկ խանութ-սրահ, որը գտնվում է Պուշկինի 54 հասցեում, հետագայի համար պլանավորում ենք նոր մասնաճյուղեր Երեւանում եւ Հայաստանից դուրս: