Ինչպես պլանավորել ձեր օրը արդյունավետ լինելու համար
Ժամանակակից մարդու կյանքի ռիթմը նրանից պահանջում է առավելագույն արտադրողականություն բոլոր հարցերում։ Հատկապես կանանցից պահանջվում են մեծ ջանքեր ընտանեկան, գործնական և առօրյա ժամանցային հարցերը համատեղելու համար: Մադամի այսօրվա բլոգում ներկայացնում ենք մի քանի խորհուրդ նրանց համար, ովքեր ցանկանում են ամեն օր լինել հնարավորինս արդյունավետ: Օրը պլանավորելու բազմաթիվ մեթոդներ կան, բայց մենք կկենտրոնանանք երկուսի վրա:
Պլանավորման առաջին տեսակը
Հինգ րոպեի կանոն. հենց այդքան ժամանակ ենք մենք ծախսում երեկոյան հաջորդ օրվա պլան կազմելու վրա՝ հաշվի առնելով բոլոր անհատական կենսառիթմերը։ Տարբեր մարդիկ ունեն տարբեր կենսառիթմեր, ոմանք առավել ակտիվ են օրվա առաջին կեսին, ոմանք` երեկոյան: Պլանը կազմում ենք դրա հիման վրա: Բոլոր գործողությունները պետք է դասակարգվեն` ըստ իրենց կարևորության: Դուք կարող եք թուղթը կիսել և կազմել երկու սյունակ՝ «պարտադիր» և «ըստ ցանկության»: Եթե ձեր բիոռիթմը նպաստում է առավոտյան արդյունավետ աշխատանքին, ապա առաջին սյունակի բոլոր առաջադրանքները պետք է ավարտվեն առավոտյան:
Յուրաքանչյուր ավարտված առաջադրանքից հետո առնվազն հինգ րոպե ընդմիջում է պահանջվում: Դրա շնորհիվ կարելի է ուշադրությունը կենտրոնացնել այլ առաջադրանքի վրա ու «փակել» նախորդը։ Իհարկե, ֆորսմաժորային իրավիճակները ոչ ոք չի բացառում, սակայն հստակ պլանների առկայության դեպքում այն ավելի արագ է հաղթահարվում, քան անորոշության պարագայում:
Պլանավորման երկրորդ տեսակը
Նույն A4 թերթիկը բաժանում ենք չորս մասի՝ «կարևոր», «ոչ կարևոր», «հրատապ», «ոչ հրատապ»: «Հրատապ» և «կարևոր» գործերն անում ենք օրվա առաջին կեսին, իսկ դրանից հետո կատարում ենք ընդմիջում։ «Ոչ հրատապ» ցուցակից ինչ-որ բան կարելի է պատվիրակել, ինչ-որ բան` հետաձգել ապագայի համար, սակայն դրանց մեծ մասը ևս պետք է ավարտին հասցվի։ Արդյունքը չափազանց արդյունավետ օրն է, որի ավարտին կարող եք հանգստանալ կամ որոշակի ժամանակ տրամադրել ձեր ժամանցային պլաններին։ Բոլոր ծրագրերը, որոնք մենք մշակում ենք երեկոյան հաջորդ օրվա համար, պետք է իրական լինեն և ունենան որոշ ընդհանուր հատկանիշներ։ Օրինակ` բոլորը գտնվեն մոտավորապես նույն վայրում կամ ունենան գործունեության ընդհանուր ոլորտ:
Այսպիսով, երեկոյան պլանավորման ընդամենը հինգ րոպեն ապահովում է խնայողություններ բոլոր ռեսուրսների վրա և արդյունավետության բարձրացում՝ շնորհիվ գործողությունների կանոնակարգվածության և հավասարակշռված որոշումների: Պլանավորումը սովորության հարց է, և սկզբում այն մարդու համար, ով երբեք դա չի արել, կարող է շատ դժվար լինել։ Կարևոր է չշփոթել ամենօրյա պլանավորումը «նպատակների» հետ։ Դրանք տարբերվում են ժամանակի, ռեսուրսների և այլնի պահանջի առումով: Ճիշտ ցուցակը կօգնի ձեզ կազմակերպել ձեր օրը, իսկ ավելի երկարատև կտրվածքով` կյանքը:
Մադամի անդամները շարունակ զարգացնում են իրենց բիզնես հմտությունները, դառնում ավելի արդյունավետ, մոտիվացված և դեպի նպատակ կողմնորոշված: Մնացե´ք Մադամի բլոգի հետ օգտակար տեղեկությունների, հետաքրիր նորությունների ծանոթանալու համար: Ձեզ համար հաջության լավագույն օրինակ կարող են ծառայել հայ գործարար կանայք, ովքեր կիսվել են իրենց գաղտնիքներով «Հայ հաջողակ կին ձեռնարկատերեր (մաս 2)» բլոգում: