Mind Center

Հետ գնալ
Անի Խաչատրյան
Անի Խաչատրյան

 

-Նկարագրեք Ձեր գործունեությունը
-Mind Center-ը գործունեություն է ծավալում շուրջ 5 տարի` 2017 թվականից։ Հատուկ մշակված ծրագրերի միջոցով երեխաներին ծանոթացնում ենք ապագայի մասնագիտություններին՝ ռոբոտաշինությանը, ծրագրավորմանը, գրաֆիկ դիզայնին։ Ինչպես նաև իրականացնում ենք LEGO ժամեր, մրցույթներ, «Դասարան» նախագիծ, ամառային, աշնանային և ձմեռային դպրոցներ, տեխնոճամբարներ, քվեսթներ և այլ ծրագրեր:
Մեր հիմնական նպատակը կառուցողական խաղերի և STEM կրթության միջոցով մտքի և ուղեղի կարողությունների բացահայտումն ու զարգացումն է: Մենք խրախուսում ենք երեխաներին ստեղծագործել և ազատ մտածել։ Mind Center-ի դասընթացներն ու ծրագրերը նախատեսված են 5-15 տարեկան երեխաների համար։

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես:
-Բիզնես սկսելու գաղափարն առաջացավ արտերկրում, երբ ընտանիքով հայտնվեցինք  «LEGOLAND»-ում, որտեղ երեխաները ազատ էին, կարողանում էին ընդամենը մի քանի դետալ իրար միացնելով ստանալ բազմաթիվ համադրումներ։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուրը կարող է անսահմանափակ ստեղծագործել։
Բացի այդ` տղաս էլ էր շատ սիրում կոնստրուկտորներ կառուցել, որից հետո սկսեց զբաղվել ռոբոտաշինությամբ։ Ամուսինս ռոբոտ ձեռք բերեց, միասին սկսեցին ուսումնասիրել, կառուցել և ծրագրավորել։ Ռոբոտի միջոցով այնքան հեշտ էր ընկալում մաթեմատիկան, ֆիզիկան, բնության երևույթները, ծրագրավորելով էլ հասկանում էր տրամաբանական կապերը, գործողությունների հաջորդականությունները և այլն։
Այս ամենի արդյունքում գիտակցեցի, որ մեր հայ բալիկների համար էլ է կարևոր փոքրուց սովորել այս ամենը և պատրաստ ենք կիսել մեր գիտելիքներն ու խրախուսել սերը դեպի գիտություն և տեխնոլոգիաներ։ Ցանկացանք որևէ ներդրում ունենալ նաև սերունդների կրթության և երկրի զարգացման հարցում։
Արդյունքում՝ 2017թ․ Նոյեմբերի 18-ին հիմնադրվեց Mind Center-ը։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Ես անընդհատ նոր, խենթ ու անհավանական թվացող գաղափարներ եմ ունենում ու շատ եմ ոգևորվում, երբ դրանք փորձում եմ իրականացնել, և ստացվում է։ Ինձ մոտիվացնում են շրջապատիս մարդիկ, բնությունը, ճամփորդությունները և դժվարությունները հաղթահարելու ու արդյունք ստանալու զգացողությունը:
Նաև ինձ մոտիվացնում է այն հանգամանքը, որ կարողանում եմ այլոց հետ կիսվել տարիների իմ փորձով, գիտելիքներով, նաև որևէ փոփոխություն մտցնել կորպորատիվ մշակույթի մեջ։

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Գրեթե միշտ ժպտում եմ, նույնիսկ եթե ինչ որ խնդիրներ են լինում, կամ պարզապես անտրամադիր եմ լինում. ժպտալն օգնում է հաղթահարել ամեն դժվարություն։ Հենց ժպտալն է օգնում ժպտալ։

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Իրականում համատեղելը մի քիչ բարդ է, քանի որ բիզնեսը և ղեկավար լինելը շատ ժամանակ ու մեծ պատասխանատվություն է պահանջում։ Եթե որպես աշխատակից կարող ես սահմանված ժամին գործդ ավարտել և տուն գնալ, ապա սեփական բիզնեսի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։ Պատասխանատվությունն ավելի մեծ է, անելիքները՝ շատ։ Սակայն ամեն ինչում բալանս է հարկավոր։ Շատ եմ սիրում իմ ընտանիքը, և ընտանիքիս անդամներից յուրաքանչյուրի հետ անցկացրած ամեն մի վայրկյանը։ Փորձում եմ համատեղել և կարծես ստացվում է։ Եթե մարդ կայացած է լինում նաև աշխատանքային միջավայրում, ընտանիքում լինում է ավելի հանդարտ, ներդաշնակ և երջանիկ, իսկ ընտանիքը դրանից միայն շահում է։ Շնորհակալ եմ, որ ունեմ այնպիսի ընտանիք, հատկապես` ամուսին, ով սատարում է ինձ, ուրախանում հաջողություններով և օգնում բոլոր հարցերում։

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
-Դժվարություններ միշտ կան, կարևորը այն է, թե ինչպես ես ընկալում դժվարությունը և ինչպիսի վերաբերմունք ես ցուցաբերում դրա նկատմամբ։ Դժվարություններին վերաբերվում եմ ընդամենը որպես խնդիր, որին կամ չպետք է ուշադրություն դարձնել, կամ  պետք է ռիսկով գնալ դեպի այն և լուծում տալ։ Մինչ այժմ համարձակության և վերլուծական մտածելակերպի շնորհիվ հաղթահարել և հաղթահարում եմ ընթացիկ դժվարությունները լավատեսությամբ։

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Նոր մտահղացումներն ու նախագծերը շատ են, քայլեր են արվում ընկերության ընդլայնման, ծրագրերի և ընկերության մշակույթի տարածման շուրջ Հայաստանի մարզերում և երկրի սահմաններից դուրս։ 
Շատ մեծ ցանկություն կա Հայաստանի որևէ գեղատեսիլ վայրում, բնության գրկում հիմնել տեխնոճամբար՝ երեխաների համար նախատեսված ժամանակակից պայմաններով, սպորտային դաշտերով, խաղահրապարակներով, տեխնիկապես հագեցած դասասենյակներով, որտեղ երեխաները հնարավորություն կունենան ակտիվ, առողջ ժամանցը համատեղել կրթության հետ, սովորել ռոբոտաշինություն, ծրագրավորում, իրականացնել սեփական նախագծերը։

-Ունե՞ք նորարարություն, որի մասին կցանկանայիք խոսել։
-Պատրաստվում ենք թողարկել հայալեզու STEM առարկաների տեսադասեր, որոնց շնորհիվ աշխարհի բոլոր անկյուններից 
երեխաները հնարավորություն կունենան հետաքրքիր տարբերակով սովորել ծրագրավորում, մաթեմատիկա, ֆիզիկա։ Նախագիծը շուտով հասանելի կլինի հայկական Uteach հարթակում։