- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
- Բիզնես հիմնելու գաղափար իսկզբանե չենք ունեցել։ Եղել է իմ ու մայրիկիս երազանքը․ ստեղծել մի կրթօջախ, որը նոր խոսք կասի կրթության ոլորտում, որտեղ կսովորեն ու կձևավորվեն բազմակողմանի զարգացած անհատներ և որտեղ երեխաները կլինեն երջանիկ։ Այդ երազանքից էլ 2000թ․-ին ծնվեց «Փոքրիկ Իշխան» -ը, որ հիմնովին փոխեց իմ կյանքը։
Կրթությունը բիզնես չէ, սակայն մասնավոր կրթահամալիրի զարգացման և առաջընթացի համար անհրաժեշտ են մշտական ներդրումներ՝ ժամանակի, մարդկային ներուժի և գաղափարների և իհարկե՝ ֆինանսական միջոցների։
Եթե դիտարկենք այդ տեսանկյունից, ապա, ի տարբերություն բիզնեսի շատ այլ ոլորտների, այստեղ շատ կարևոր է շահույթի հաշվին անընդհատ ներդրումներ անելը․ շենքային պայմանների բարելավում, լաբորատորիաների ստեղծում, աշխատավարձային ֆոնդի մեծացում, տարբեր նախագծերի իրականացում և այլն։ Առանց ներդրումների հնարավոր չէ ապահովել մշտական զարգացումն ու առաջընթացը։
- Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
- Ինձ մոտիվացնում է աշխատանքից ստացած արդյունքը։ Ես յուրացրել եմ «Փոքրիկ քայլերի արվեստը», և ամեն մի փոքր հաջողություն ինձ լիցքավորում է և մոտիվացնում ավելին անել։ Շատ կարևոր է նաև իմ թիմը, ում հետ ես աշխատում եմ․ նրանք ինձ են մոտիվացնում ու ոգեշնչում, ես էլ՝ նրանց։
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
- Ինձ ստիպում են ժպտալ նախևառաջ երեխաները․ ժպտացող երեխաների աչքերում կարող ես տեսնել մաքրություն, հավատ ու վստահություն, որ ստիպում է քեզ չընկրկել դժվարությունների առաջ, ժպտալ և լցվել հույսով։
- Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
- Կարծում եմ, որ կայացած և ինքնաբավ կինը կարող է լինել և լավ առաջնորդ ու հմուտ ղեկավար իր գործում, և միաժամանակ լինել լավ կին և մայր ընտանիքում։ Որևիցե բարդություն չկա համատեղելու այդ երկուսը, եթե դու ճիշտ քո տեղում ես և ժամանակին ճիշտ ընտրություն ես կատարել՝ և՛ մասնագիտության հարցում, և՛ ընտանիք կազմելու։
- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
- Ես դժվարությունները հաղթահարում եմ ինքս ինձ վելալիցքավորելով։ Երբեմն կարճ դադարներ եմ տալիս, ինքս ինձ ուշքի եմ բերում ու նորից նոր թափով առաջ եմ գնում։ Ինձ օգնում է լիցքաթափվել որակյալ երաժշտությունը և բնությունը։ Բնության մոտ և մեջ լինելը կենսական ուժ է տալիս ապրելու․ ցավոք դա հաճախ չի ստացվում։
- Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
- Որպես հեռանկար՝ կրթահամալիրի գործունեության և հնարավորությունների ընդլայնումն է․ շարունակել զարգանալ, ներդնել նոր գաղափարներ, իրականացնել նոր նախագծեր․ ամենի հիմքում, որպես նախապայման ունենալով՝ մեր հայրենիքում որակյալ կրթության ապահովումը։
Կրթված սերունդը զարգացած և հզոր հայրենիքի գրավականն է։