Kwisty Fashion Studio

Հետ գնալ
Քրիստինե Գրիգորյան
Քրիստինե Գրիգորյան

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Հայաստան վերադարձել եմ 2008 թվականին Orange telecom-ի առաջարկով և աշխատել եմ որպես business consultant։ Հետագայում բարձր հեղինակություն ձեռք բերելով՝ տարբեր կազմակերպություններից ստացել եմ աշխատանքային առաջարկներ։ Տարբեր ոլորտների առաջատար ընկերություններում աշխատելու ընթացքում ես հասկացա, որ աշխատողները պետք է արտահագուստ (uniform) կրեն։ Ինձ համար ամենակարևոր բաներից է, որ մարդը իրեն հարմար և գեղեցիկ զգա աշխատանքի մեջ։ Եթե հագուստը գեղեցիկ, նորաձև և հարմարավետ է, աշխատողն էլ ավելի եռանդուն և արդյունավետ է աշխատում։ Մանկուց դիզայներ դառնալու երազանք ունեի, բայց, քանի որ հայրս բիզնեսմեն է, իսկ քույրս ունի դպրոցների ցանց, ընտանիքս դեմ էր, որ ես դառնայի արվեստի մարդ։ Սովորեցի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև՝ բիզնես դպրոցում, սովորել եմ նաև Բեռլինում։ Որպես առաջին դիզայներական աշխատանք՝ որոշեցի ստեղծել հավաքածու «Արայ» կազմակերպության համար։ Հետո հասկացա, որ սիրելի աշխատանքով զբաղվելու համար պետք է ստանամ մասնագիտական կրթություն։ Մեկնեցի Միլան, Փարիզ, վերապատրաստվեցի, սովորեցի և դարձա մասնագետ հագուստի մոդելավորման ասպարեզում՝ պրոֆեսիոնալ կրթություն ստանալով Բերար ակադեմիայում։ Վերադառնալով Հայաստան՝ հիմնեցի Kwisty Fashion Studio-ն, որը ներկայացնում է Boutique Atelier, նորաձևության դպրոց և օծանելիք՝ երեք հավաքածու՝ մեկ անվան տակ (Kwisty Boutique Atelier, Kwisty school, Kwisty perfume): Ինձ համար ոգեշնչման աղբյուր եղել և մնում է Շանելը՝ իր պատմությամբ և արտադրանքով։

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։ 
-Երեխաների ժպիտը, անկեղծ ուրախությունը ինձ միշտ ստիպում է ժպտալ։ Դրա համար ես փորձում եմ փոխադարձ ժպիտ պարգևել ոչ միայն իմ, այլև մանկատան երեխաներին․ սա ինձ համար չափազանց կարևոր հարց է։ Եթե կյանքից որևէ բան վերցնում ես, դու պետք է նաև տաս։ Իսկ ամենաճիշտ տարբերակը տալու, ես գտնում եմ, միայն երեխաներին տալը, պարգևելն ու նվիրելն է։ «Մեկ ընտանիք, մեկ ուժ» բարեգործական կազմակերպության հիմնադիրն ու կազմակերպիչն եմ։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Լավ տրամադրությունը, եթե կա տրամադրություն, ես կարողանում եմ աշխատել։

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
-Սիրով եմ համատեղում։ Սիրում եմ և՛ ընտանիքս, և՛ բիզնեսը։ Եթե սիրում ես քո աշխատանքը, ուզում ես ամեն ինչ ներդնել դրա մեջ, եթե սիրում ես ընտանիքդ, չես ուզում այն որևէ բանի պակաս ունենա։ Դրա համար ես կարևորում եմ սերը թե՛ ընտանիքում, թե՛ աշխատակազմում։

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։ 
-Լուռ, չեմ սիրում խոսել դժվարություններիս մասին, որովհետև դա ոչ ոքի պետք չէ։ Չեմ սիրում արտահայտվել և թույլ լինել։ Քանի որ ունեմ երեք երեխա, ես պետք է լինեմ ուժեղ, պետք է լինեմ գեղեցիկ, առողջ։  

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
-Մեր ընկերությունը շատ մեծ հեռանկարներ ունի ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։ Չեմ սիրում շատ խոսել, կարծում եմ պետք է աշխատել դրա փոխարեն։ Այդ իսկ պատճառով մենք ունենք նոր պրոեկտներ, երբեք չենք դադարում աշխատել, միշտ շարժվում ենք առաջ փոքր, բայց հաստատուն քայլերով։